«Հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումից որեւէ լուրջ ակնկալիք չունեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը։
Իր այսօրինակ դիրքորոշումը նա բացատրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղյան հարցի առնչությամբ ունեցած ոչ կառուցողական գործելակերպով։ «Նա շարունակում է իր հին երգը երգել, խոսել պատերազմի հնարավոր վերսկսման մասին, մինչդեռ միջազգային հանրությունը վաղուց հասկացել է, որ ղարաբաղյան հարցը, բացի ԼՂՀ անկախությունից, այլ կերպ լուծելն անհնար է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը՝ ընդգծելով, որ թեպետ Ի. Ալիեւն էլ իր խոսքերին չի հավատում, այնուամենայինիվ անտեղի խոսակցություններով կարողանում է խոչընդոտել գործընթացի խաղաղ կարգավորմանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Սոչիում որեւէ փաստաթուղթ կստորագրվի, Ս. Նիկոյանը չբացառեց, որ «դեկլարատիվ բնույթի որեւէ բան կարող է ստորագրվել», «Չնայած Բաքու հասնելուն պես Ալիեւը, սովորության համաձայն, ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ հակասական հայտարարություններ է անելու։ Բայց որ հանդիպումն ինքն իրենով դրական փաստ է, անվիճելի է»,- ամփոփեց նա։




























