Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր՝ նոյեբերի 5-ին, խորհրդարանում բյուջետային քննարկումների ընթացքում անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի այն քննադատությանը, թե արտգործնախարարը բյուջեի գումարները վատնում է Կոնգո, Գվատեմալա եւ այլ «էկզոտիկ» երկրներ այցելելու համար: 

«Կոռեկտ չէ որեւէ երկիր էկզոտիկ կոչել: Հիշեցնեմ, որ Կոնգոն, օրինակ, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ երկիր է քան Հայաստանը՝ առաջինն է բոքսիտների արտադրությամբ, երկրորդը՝ ալմաստի արդյունահանմամբ, Ռուսաստանից հետո»,-ասաց Է. Նալբանդյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասա մեկնելու անմիջական առիթը ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն էր, որտեղ 77 երկրների ղեկավարներ էին հավաքվել՝ նախագահներ, վարչապետեր, արտգործնախարարներ: Այդ այդ գագաթաժողովին Հայաստանը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ: «Այդ կազմակերպության բազմաթիվ անդամներ չմիացած երկրների կազմակերպության անդամներ են, իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամներ են, որոնք համապատասխան հայտարարություններ էին ընդունել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաաբերյալ; Իսկ Կինշասայում գագաթաժողովն ընդունեց մի հայտարարություն, որտեղ արտահայտեց համապատասխան մոտեցումներ, որոնք համահունչ են Հայաստանի եւ միջազգային հանրության մոտեցումներին»,- ասաց Է.Նալբանդյանը: