ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունները հստակ եւ կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն՝ պատվիրակությունները պետք է ունենա այնպիսի կազմ, որը կապահովի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի արդար ներկայացվածությունը: Այդ մասին ասված է հայաստանյան մի շարք կազմակերպությունների Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին հղած նամակում:

«Այս կեղծավոր ձեւակերպված փոփոխության վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ իրական ընդդիմության` միանշանակորեն ընդդիմադիր „Ժառանգություն“ կուսակցության ներկայացուցչին, որը շարունակաբար Հայաստանյան իշխանություններին մեղադրում է վերջիններիս կողմից կատարվող մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների շարունակական խախտումների եւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության սկզբունքների եւ օրենքի գերակայության հետագա թուլացման մեջ, զրկելն է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահոգությունները բարձրաձայնելու իրավունքից, զրկել „Ժառանգություն“ կուսակցությանը՝ Հայաստանում իրական իրավիճակի վերաբերյալ ճշմարտության բացահայտման հնարավորությունից»,- նշել են ՀԿ-ներն ու պահանջել մերժել ՀՀ պատվիրակության դեռեւս չվավերացված հավատարմագրերը եւ «հստակ ուղերձ հղել ՀՀ իշխանություններին առ այն, որ յուրաքանչյուր նման որոշում, որը կփորձի անարդար կերպով մերժել միակ ընդդիմադիր կուսակցության ձայնը եւ արդար ներկայացուցչությունը ԵԽԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում կհակասի մեր ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում էր կայացրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական կազմից հանել Զարուհի Փոստանջյանին եւ նրա փոխարեն նշանակել ՕԵԿ անդամ Արծրունի Աղաջանյանին: Այդ որոշմամբ պատվիրակության 4 հոգանոց մշտական կազմում մնում են 3 պատգամավոր իշխանական կոալիցիայից եւ մեկ դաշնակցական, իսկ ընդդիմությունը զրկվում է հեղինակավոր այդ կառւյցում ներկայացված լինելու հնարավորությունից: