Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը վճռականորեն է տրամադրված եւ միշտ էլ պաշտպանելու է ժողովրդավարական սկզբունքներն այն ուժերից, որոնք իրենց գերադասում են ազգի կամքից: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
«Կառավարությունն իշխանության է գալիս ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, եւ ոչինչ չի կարող գերադասվել ժողովրդի կամքին: Իսկ նրանք, ովքեր իրենց կառավարությունից վեր են դասում, սխալվում են: Նրանք, ովքեր ղեկավարում են երկիրը, պետք է մտածեն վաղվա օրվա մասին, պետք է մտածեն՝ երբ ավարտվի իրենց ղեկավարման ժամկետը, հետագայում ինչպես են նայելու ժողովրդի աչքերին»,- Թուրքիայի վարչապետին մեջբերում է պարբերականը:
Թերթը հաղորդում է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ենթադրյալ ռազմական հեղաշրջման ծրագրի հրապարակմանը, որը ստացել է «Balyoz» անվանումը: Վկայակոչելով Taraf պարբերականին, թերթը գրում է, որ "պետական հեղաշրջման ծրագիրը կազմվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի անդամների հետ հանդիպմանը (TSK): Փաստաթուղթը կազմված է 5000 էջից: Հանդիպմանը ներկա է եղել TSK-ի 162 անդամ, այդ թվում՝ 29 գեներալներ: Նախագիծը նախատեսում էր բռնի գործողությունների միջոցով թուրքական հասարակությանը պահել մշտական խառնաշփոթի մեջ, ինչն էլ ի վերջո պետք է հանգեցներ ռազմական հեղաշրջման:




























