Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 22-ին կասեցվել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ներկրման փորձը:
Հայաստանի ԱԱԾ Մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի բնակիչ Արկադի Էդուարդի Պետրոսյանի կողմից ստացված բեռի բամբակյա մանրաթելերի կծիկների երկու պարկերում հայտնաբերվել են չհայտարարագրված երկու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված 3 կգ 14 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնց արժեքը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:




























