Եվրամիությունում նախագահող Իսպանիա բոլոր հնարավոր մեխանիզմները գործի կդնի գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար, ներառյալ նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը:
«Մենք հստակ կշարունակենք հանդես գալ հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բախվում ենք՝ ներառյալ տարածաշրջանային հակամարտությունները: Մենք գործի կդնենք մեր ենթակայության տակ եղած բոլոր միջոցները»,-հայտարարել է Մորատինոսը` պատասխանելով ադրբեջանական Trend News գործակալության լրագրողի տված այն հարցին, թե ի՞նչ բարեփոխումներ կիրականացնի Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
2010 թվականի առաջին կիսամյակում Իսպանիան նախագահելու է Եվրամիությունում: Սա Իսպանիայի չորրորդ նախագահությունն է Եվրամիությունում եւ առաջինը՝ Լիսաբոնյան համաձայնագրի ընդունումից հետո: Հիշեցնենք, որ այն ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերի 1-ից:
«Լիսաբոնյան համաձայնագիրը Եվրամիությանը նոր գործիքների հնարավորություն է ընձեռում, որոնք մեզ թույլ են տալիս ավելի կարող դառնալ, հետեւաբար լինել նաեւ ռազմավարական առումով համաշխարհային խաղացող:
2003 թվականի դեկտեմբերին ընդունված Եվրամիության անվտանգության ռազմավարության մեջ այդ նպատակն արդեն արտացոլվել է»,-նշել է Մորատինոսը:
«Իսպանիան հետաքրքված է միջազգային բեմահարթակում Եվրամիության առաջընթացով՝ իբրեւ գլոբալ խաղացողի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ամբողջ աշխարհում աղքատության վերացմամբ:
Բոլոր վերը թվարկվածները եկող 6 ամսվա ընթացքում կլինեն մեր գործունեության առաջնային խնդիրները: Առաջադրված նպատակներին հասնելու համար մենք համագործակցում ենք Եվրամիության նախագահի եւ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հավելել է Իսպանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:




























