Թուրքական խորհրդարանի միակ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (նախկին «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցություն) անդամները այցելել են Ստամբուլում Հայոց եւ Հունաց պատրիարքարաններ։
Թուրքական Haber7 լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց պատրիարքարան են այցելել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նուրի Յամանը, պատգամավորներ Սեբահաթ Թունջելը, Ուֆուք Ուրասը, Աքըն Բրդալը եւ կուսակցության Ստամբուլի նահանգային ղեկավար Հուսեյն Բարըշը։
Պոլսո Հայոց պատրիարքարանում հյուրերին դիմավորել է Պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։
Մամուլի համար փակ հանդիպումից հետո Նուրի Յամանը նշել է. «Մեր համայնքների ղեկավարների եւ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ սկսել ենք աշխատել, որ Թուրքիայում ապրող բոլոր ժողովորդների, հալածյալների, արտաքսվածների եւ այլոց խնդիրները տեղափոխենք Թուրքիայի խորհրդարան։ Հանդիպելով հայ եւ հույն համայնքների ղեկավարների հետ՝ ցանկացանք խնդիրների մասին առաջին ձեռքից տեղեկանալ»,-նշել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նուրի Յամանը։




























