Թեեւ այս տարին գյուղատնտեսական առումով կարելի է բարենպաստ համարել, սակայն Լոռիի մարզում գրանցված կակտահարություններն այդուհանդերձ լուրջ վնասներ հասցրեցին մարզի մի շարք համայնքներին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին մարզի մարզի 29 համայնքներում գրանցվել է կարկտահարության 15 դեպք (Ըստ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների): 24 համայնքներում տեղի ունեցած կարկտահարությունների ընդհանուր վնասը կազմում է շուրջ 720 մլն դրամ, ինչը, մեղմ ասած, շատ բարձր ցուցանիշ է գյուղացիական տնտեսությունների համար:
Այս թվերը սակայն չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը չի փոխհատուցում կարկուտից տուժած բնակիչների վնասները, որի հետեւանքով շատ համայնքնապետեր ու բնակիչներ պարզապես չեն տեղեկացնում համապատասխան մարմիններին կարկտահարության ու վնասների մասին:
«Է հա, որ տեղեկացնում ենք, ի՞նչ: Օգուտ չկա, գալիս են, նայում, իբր վնասի չափ են պարզում, թողնում գնում են: Բա լավ, եթե դուք պարզել եք որ որոշակի վնաս կա, բա ինչի՞ չեք հատուցում էդ վնասը»,-ահա այսպիսի կարծիք են հայտնում գյուղացիները, ովքեր մեծ վնասներ են կրել բնական աղետից:
Ու թեեւ այս տարի մարզում տեղադրվել են մի շարք հակակարկտային կայաններ, սակայն գյուղացու կրած վնասներն արտացոլող գումարային պատկերը շարունակում է բարձր մնալ, իսկ գյուղացին գնալով դադարում է զբաղվել գյուղատնտեսությամբ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/ NEWS.am





























