«Բոլոր երթուղիներում ուղեւորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաեւ օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,-նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարելով համապատասխան կառույցներին մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապատերանի 2012թ-ի շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Միաժամանակ զեկուցվել է, որ ավարտին է մոտենում քարաթափման եւ հենապատերի նորոգման ու ամրացման աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքի քարաթափման տեսանկյունից ժամանակին վտանգ ներկայացնող ճանապարհահատվածներն այլեւս ապահով են ինչպես երթեւեկության, այնպես էլ հետիոտների համար:
Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաեւ դրամահավաքության երեւույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում եւ մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետեւանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի եւ թիվ 60 մանկապարտեզի տնօրենները:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում եւ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաեւ, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:
Հանձնարարվել է ուսումնասիրել 16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման հետ կապված խնդիրները եւ ներկայացնել նախնական նախահաշիվ՝ ֆինանսական գնահատականով:
Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին` հանձնարարվել է աշնանային տերեւաթափի մաքրման աշխատանքներն իրականացնել մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ներառելով նաեւ բակային տարածքները: Հանձնարարվել է նաեւ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմին համապատասխան աշխատանքներում ներգրավել նաեւ տնտեսվարողներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաեւ աղի եւ ավազի կուտակման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած եւ վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտն ու ձեւավորումը: Նոյեմբերի 17-ին հայտարարված համաքաղաքային աշնանային ծառատունկի մասով զեկուցվել է, որ ներկրվել են համապատասխան քանակության տնկիներ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
Հանձնարարվել է Երեւան քաղաքում ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման եւ այլ աշխատանքների իրականացման վերաբերյալ եզրակացությունը տրամադրել միայն տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո: Հանձնարարվել է նաեւ սահմանել հսկողություն նախկինում տրված տեխնիկական պայմանների նկատմամբ:
2013թ-ի բյուջեի ձեւավորման նպատակով հանձնարարվել է քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների պատասպանատուների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություններ:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել ազատամարտիկների եւ վետերանների ընտանիքներին գույքահարկի արտոնություն տրամադրելու վերաբերյալ: Հանձնարարվել է քննարկել եւ առաջարկություն ներկայացնել Նկարիչների միության անդամ նկարիչների արվեստանոցներին նույնպես գույքահարկի արտոնություն տրամադրելու վերաբերյալ:
Զեկուցվել է, որ արդեն ընթացքի մեջ են նաեւ մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձեւավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջարկություններ են մշակվում ձեւավորման որոշակի չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ:





























