ՀՀ ՊԲ N զորամասում 18-ամյա  Հ.Ս-ն  բահով հարվածել է հրամանատարին, իսկ նրա ծառայակից ընկերը` 19-ամյա Ս.Հ-ն նրա ամորձիներին: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

19-ամյա Ս. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ 2012թ. օգոստոսի 05-ին, ժամը 20.30-ի սահմաններում,ՊԲ N զորամասում իր անմիջական հրամանատար, կրտսեր սերժանտ` Ռ. Ա-ի հետ վիճաբանելու եւ նրան բահով հարվածելու համար վիճաբանության մեջ է մտել համածառայող` Հ. Ս-ի հետ,որի ընթացքում բռունցքով հարվածելով վերջինիս դեմքին, ծնկով ամորձիներին, ձախ ակնագնդի կոնտուզիայի եւ աջ ամորձատրավմատիկ օրխիտի ձեւով պատճառել նրա առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել  375  հոդվածի  1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-պատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Սույն հոդվածը պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Իսկ 18-ամյա Հ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 05-ին, ժամը 20.30-ի սահմաններում,ՊԲ N  զորամասում ,առանց պատշաճ համազգեստի` հողաթափերով շարք կանգնելու համար իրեն նկատողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել կրտսեր սերժանտ` Ռ. Ա-ի հետ, սակրավորական բահով հարվածել նրա գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ: Քրեական գործ է հարուցվել 358 հոդվածի 1-ին մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: