Կիեւում տպագրական «Ուկրաինա» կոմբինատում, որտեղ տպագրվում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար նախատեսված քվեաթերթիկները, տեղի է ունենում ձեռնարկության ղեկավարության «ուժային փոփոխություն»: Այս մասին հայտարարել է երկրորդ փուլ անցած Վիկտոր Յանուկովիչի մամուլի կենտրոնի ղեկավար Դմիտրի Պոնոմարչուկը: Նրա վկայությամբ, հատուկ ջոկատայինների եւ քաղաքացիական հագուստով մարդկանց հետ բախման արդյունքում տուժել են Յանուկովիչի ղեկավարած Տարածաշրջանների կուսակցության խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորներ:
Գրոհը ձեռնարկության վրա սկսվել է հունվարի 25-ի առավոտյան: Սկզբում ընկերության մոտ հայտնվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք սկսել են հարվածել դարպասներին: Կոմբինատի պահակազորը փորձել է նրանց կանգնեցնել, սակայն վերջիններիս օգնության են եկել «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները: Նրանք ջարդել են դուռը եւ ներխուժել շենք: Նրանք օգտագործել են մահակներ ու արցունքաբեր գազ: Շենքում գտնվող Տարածաշրջանների կուսակցության մի քանի պատգամավորներ փորձել են կասեցնել հարձակվողներին, սակայն ծեծի են ենթարկվել: Յանուկովիչի կողմնակից պատգամավորները բարիկադավորվել են 4-րդ հարկում, կոմբինատի տնօրենի սենյակում: Նրանց հաջողվել է ֆաքսի տեսքով հաղորդում տալ գլխավոր դատախազությանը տեղի ունեցածի մասին:
Նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի շտաբը հայտարարել է, որ արտակարգ ասուլիս է հրավիրում: Հատկանշական է այն, թե ինչ գործ են ունեցել նախագահի թեկնածուներից մեկի` Յանուկովիչի խմբակցության պատգամավորները այն կոմբինատում, որտեղ տպագրվում են քվեաթերթիկները:




























