«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Դատարանը կայացրել է բռնագանձման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) կատարողական վարույթ է հարուցել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից:
Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։ Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետեւանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս եւ առ այսօր նրան չի վճարվել 5,6 մլն դրամ։ Արդյունքում` Կարեն Իսրաելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը: Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Արդյունքում, Պաշտպանը Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը եւ միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին:





























