Այսօր` հունվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հունվարի 25-29-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը Զ. Փոստանջյանին զրկել էր ՀՀ պատվիրակության հիմնական անդամի կարգավիճակից եւ հրաժարվել նրա Ստրասբուրգ այցելությունը ֆինանսավորելուց, սակայն ընդդիմադիր պատգամավորի այցը ֆինանսավորել է ԵԽԽՎ-ն եւ նա այժմ Ստրասբուրգում է:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հիմնական անդամի կարգավիճակից զրկելու կապակցությամբ Հայաստանում բազմաթիվ դիմում-բողոքներ են հղվել ԵԽԽՎ: Մասնավորապես՝ այսօր ժամը 13:30-ին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց «Մարտի 1-ի» զոհերի ծնողների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների, երիտասարդների և ՀԿ-ների մասնակցությամբ բողոքի գործողություն է կազմակերպվել՝ ընդդեմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման:
Հատկանշական է, որ ԱԺ ղեկավարությունը Զ. Փոստանջյանի Ֆրանսիա այցելությունը չֆինանսավորելը պատճառաբանել է նաեւ ֆինանսների սղությամբ, այն դեպքում, երբ օրեր առաջ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մոտ 30 հոգանոց պատվիրակություն է մեկնել Եգիպտոս, որի կազմում եղել են նաեւ Գալուստ Սահակյանն իր կնոջ հետ: Թե ինչ կարգավիճակով է Գ. Սահակյանի կինը բյուջեի հաշվին մեկնել Եգիպտոս, անհայտ է, սակայն փաստն այն է, որ Գ. Սահակայնի կնոջ համար ֆինանս եղել է, իսկ Զ. Փոստանջյանի համար այն չկա:




























