Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 12 առաջարկներից բաղկացած փաթեթ է նախապատրաստել՝ տեխնոլոգիական ապրանքների եւ ծառայությունների պետական գնումները բարելավելու համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Օրինակ՝ առաջարկվում է 1 մրցույթում չմիավորել տարբեր ապրանքներ ու ծառայություններ (այսինքն՝ չհայտարարել մեկ մրցույթ համակարգիչներ ու տպիչ սարքեր գնելու համար): Եթե մրցույթները տարանջատվեն, ապա մասնագիտացված ընկերությունները հնարավորություն կստանան ավելի էժան ապրանքներ մատակարարել:

Կամ՝ առաջարկվում է մրցույթներում հաշվի առնել նաեւ ապրանքի կամ ծառայության որակական կողմը: Ներկայում պետական գնումների համակարգում իրականացվող գրեթե բոլոր մրցույթներում հաղթող է ճանաչվում նվազագույն գնային առաջարկ ներկայացնողը: Սակայն, ըստ Կ. Վարդանյանի, էժանության սսկզբունքը միշտ չէ, որ բերում է արդյունավետության:

ԻՏՁՄ-ն կարեւորել է մրցույթների նախնական հրապարկումը: Կ. Վարդանյանի խոսքով՝ ընկերությունները առնվազն 3 հոգանոց անձնակազմ պետք է պահեն՝ տարաբնույթ կայքերում մրցույթների հայտարարություններին հետեւելու համար: Ավելորդ ծախսերից խուսափելու համար առաջարկվում է մրցույթների վերաբերյալ նախնական հայտարարությունները պարտադիր կենտրոնացնել մեկ աղբյուրում (կայք, թերթ):

Կարեւոր առաջարկներ կան բողոքարկման համակարգի բարելավման ուղղությամբ; Ներկա համակարգն այնպիսին է, որ բողոքարկումն իրականացվում է այն մարմնին, որն էլ կազմակերպում է գնումները: Տվյալ դեպքում դա ֆինանսների նախարարությունն է: Սակայն ԻՏՁՄ գնահատականներով՝ բողոքարկման խորհրդի կառավարումը պետք է հանձնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար առաջարկվում է առավելագույնս խուսափել մրցույթների չեղյալ հայտարարումից, կամ սահմանել նման գործընթաների նկատմամբ ավելի խիստ պահանջներ: Ներկայում շատ դեպքերում մրցույթը չեղյալ է հայտարարվում «ոչ ցանկալի» մասնակցի հաղթանակի պատճառով:

ԻՏՁՄ-ն առաջարկություններ ունի նաեւ էլեկտրոնային մրցույթների բարելավման, մրցույթների հասանելիության բարձրացման, գնահատման ժամկետների, մրցույթներում համատեղ հայտերի ներկայացման առումով; Առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարությանը: Կ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին քննարկել այդ առաջարկների ընդունման հնարավորությունը;