Վանաձորի քաղաքապետարանը սկսել է վառելափայտի տրամադրումը քաղաքի Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում հաշվառված եւ փաստացի բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների ռիսկային խմբերին /2-ական խորանարդ մետր/: Վանաձորի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնել են, որ փայտանյութը ձեռք է բերվել քաղաքում իրականացված ծառերի էտի եւ չորացած կամ վտանգ ներկայացնող ծառերի հատման արդյունքում:
Առաջնահերթությունը տրվել է Սանկ-Պետերբուրգյան տնակային ավանին՝ հաշվի առնելով համայնքի ֆինանսական եւ տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաեւ վերջին տարիներին ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքների նկատմամբ ունեցած մոտեցումները (այդ ընտանիքները տնակային մեկ ավանում միավորելու ուղղությամբ): Տնակային ավանից որպես շահառուներ են ընտրվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ փաստացի բնակվող, քաղաքապետարան դիմում ներկայացրած՝ սոցիալապես անապահով ընտանիքների հետեւյալ ռիսկային խմբերը՝ միակողմանի կամ երկկողմանի ծմնողազուրկ անչափահաս երեխա ունեցող, միայնակ /անժառանգ/ կենսաթոշակառուներից բաղկացած, 1-ին եւ 2-րդ
խմբի հաշմանդամ ունեցող,երկու եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող,մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքներին:
Որպես շահառու ծրագրում ընդգրկված այն ընտանիքները, որոնք ջեռուցումն իրականացնում են էլեկտրականությամբ եւ հրաժարվում են վառելափայտից, կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 10 հազար դրամ գումարի չափով:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, երեկ իրեն են զանգահարել մի խումբ վանաձորցիներ եւ դժգոհել քաղաքում իրականացվող էտից, նշելով, որ էտը բավականին խորն է իրականացվում, նույնիսկ առողջ ու հաստաբուն ծառեր են հատվել: Մեր թղթակիցն անձամբ է եղել մատնանշված վայրերում, մասնավորապես Վանաձորի Շիրակացի փողոցում հատվել է մեկ հաստաբուն ծառ, այնուհետ կոճղը այրվել է, Երեւանյան խճուղում նույնպես հատվել է մեկ ծառ, որը սակայն ենթակա է եղել հատման:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























