Սոչիում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (ՌԴ) հետ: Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպումը բացել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա շնորհակալություն է հայտնել նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին կառուցողական երկխոսության համար, որ ընթացել է Սոչիում, եւ նշել, որ այսօրվա հանդիպումը նույնպես միտված կլինի կողմերի դիրքորոշումների մոտեցմանը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները: Ինչպես բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, կողմերին հաջողվել է համաձայնեցնել Մադրիդյան փաստաթղթի պրեամբուլան:

Ավելի ուշ բանակցություններին մոտ աղբյուրը հայտնել էր, որ փաստաթղթի պրեամբուլայում ամրագրվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, նաեւ Լեռնային Ղարաբաղի պարտադիր մասնակցությունը հետագա բանակցություններում:

Հատկանշական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն մասնակցել բանակցություններին: Ինչպես NEWS.am_ին հայտնել էր համանախագահներից մեկը, եռկաողմ բանակցություններն ընթացել են ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ ՄԽ շրջանակներում գործընթացի պաշտոնական մաս չեն: