Երեւանը եւ Բաքուն մոտակա երկու շաբաթների ընթացքում պետք է իրենց առաջարկություններն անեն Մադրիդյան փաստաթղթի այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ դեռեւս փոխհամաձայնության չեն եկել։ Այդ մասին ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Սոչիում լրագրողներին հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։
Նրա խոսքով, միջնորդները հուսով են, որ այդ առաջարկությունները կներկայացվեն մոտակա երկու շաբաթների ընթացքում։ Դրանից հետո, ինչպես նշել է Մերզլյակովը, համանախագահները կրկին կժամանեն տարածաշրջան։ Խոսելով բանակցությունների մասին՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ կողմերը բաց եւ կառուցողական քննարկումներ են ունեցել։ «Կողմերը մեծ հարգանքով են վերաբերում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությանը»,- կարծում է նա։ Յուրի Մերզլյակովը, սակայն, չի կանխատեսել, թե կլուծվի՞ արդյոք ղարաբաղյան հարցը 2010 թ.-ին։
Նշենք, որ շուտով տեղի կունենա ռուսաստանցի համանախագահի փոփոխություն։ Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ այդ իրադարձությանը երկու-երեք ամիս է մնում։
Հիշեցնենք, որ երեկ Սոչիում կայացել է Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ինչպես հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահները համաձայնության են եկել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետագա փաստաթղթի պրեամբուլայի շուրջ։




























