«Առավոտ» թերթի հետ ներքաղաքական թեմաների շուրջ զրույցում Ալվարդ Պետրոսյանը, մասնավորապես, նշել է.
«Գիտեք, որքան ժողովրդավարության մասին շատ են խոսում, այնքան հասկանում եմ, որ այսօր առավել քան վտանգավոր ժամանակներ են, իսկ վտանգի ժամին մեզ պետք է ազգապետ ընտրել: Որքան էլ Պարույր Հայրիկյանը խոսի ժողովրդավարության մասին, որքան էլ ես իր հետ ներքուստ համաձայն լինեմ, թե ժողովուրդը պիտի մասնակցի պետության կառավարման գործերին եւ այլն, բայց մեկ է` առաջնորդի կերպարը մարդկությունը մի քանի հազարամյակ ստեղծել է եւ այդ մշակույթից հրաժարվելու համար մենք դեռ պիտի ճանապարհ անցնենք: Դեռ վաղ է: Մարդն էվոլյուցիայով է փոխվում, ոչ թե` ռեւոլյուցիայով: Մարդուն ավելի բնորոշ է առաջնորդի հետեւից գնալը, եւ ըստ իս,այդ դերն այսօր Սերժ Սարգսյանին է հենց վերապահված:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին էլ ես ժամանակին պաշտպանում էի` շատ լավ իմանալով, որ նա հիմնականում սպորտային, այլ ոչ թե` մշակութային հետաքրքրություններ ունի, իսկ ես հենց մշակույթի դաշտում էի գործում: Բայց ինձ համար ավելի կարեւոր էր, որ պարտվողական, տարտամ- սալոնային Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո որպես նախագահ ունենալ մարդու, առաջնորդի, որը վառոդի հոտից չէր փախչելու:
Այսօր էլ մեզ պետք է մարդ, որը վառոդի հոտից չի փախչելու: Գումարած նաեւ` մի հրաշալի առավելություն, որ ունի Սերժ Սարգսյանը. Նա դանդաղ շտապողներից է: Ժողովուրդն ասում է`շտապողը տղա չի ունենում : Դանդաղ շտապողներից է մեր նախագահը եւ 7 անգամ մտածում` մեկ կտրում է: Բայց այս ամենով հանդերձ, ես այնքան պահանջներ ունեմ իրենից իմ այո-ի համար: Շատից շատ են ուզում: Կուզենայի, որ ժողովուրդն այսպես մոտենար իր ընտրությանը:
Այս առումով նախագահից սովորելու բան ունենք`վերջին շրջանում նկատած կլինեք` հեռուստատեսային, թերթային դեբատների մեջ անգամ մարդիկ իրար չեն խնայում, միմյանց հետ վիճում են, որը երբեմն բանավեճից շատ հեռու` տգեղ դրսեւորումներ է ունենում: Թեպետ, հաստատ գիտեմ` վաղը, Աստված մի արասցե` եթե որեւէ բան լինի, բոլորն իրար հետ գնալու են մեկ նպատակի համար` փրկելու իրենց երկիրը:
Ասում եք` անտարբեր չեմ եղել: Ոնց կարող եմ անտարբեր լինել ես` 2 տղա թոռնիկ ունեմ, որոնք ապրում են այս երկրում: Սա իմ տունն է, իմ հայրենիքը եւ չեմ պատկերացնում, թե որեւէ հայ մարդ կարող է անտարբեր լինել, որքան էլ` անձնական ողբերգության մեջ լինի: Իհարկե անտարբեր չեմ:
Ես ինձ համարում եմ այն մարդկանցից, որը միշտ ժողովրդի մեջ է եղել, ժողովրդի հետ»,- մեջբերում է «Առավոտը»:




























