Երեկ ՀԱԿ-ՀՅԴ հանդիպման ժամանակ քննարկվել է Կոնգրեսի եւ Դաշնակցության համագործակցության հարցը նախագահական ընտրությունների կոնտեքստում։

Այս ամենի վերաբերյալ «Իրավունք» թերթը մի քանի հարց է ուղղել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին։ Այն հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը եւ ինչ որոշումներ ընդունվեցին, վերջինս պատասխանել է.

- Տեւեց շուրջ երկուսուկես ժամ, շատ երկար հանդիպում էր։ Այն աշխատանքային էր՝ առանց մամուլի։ Արմեն Ռուսատամյանն ու Աղվան Վարդանյանը մանրամասն ու շատ երկար փաստարկներով, մեկնաբանություններով ներկայացրին իրենց ծրագիրը՝ 7 կետից բաղկացած, ինչպես նաեւ պատասխանեցին մեր հարցերին։

- Այնուամենայնիվ, որոշակի հարցերի շուրջ համաձայնության եկա՞ք։

- Շատ հարցերի շուրջ հեշտ էր համաձայնության գալը, բայց կային հարցեր, որոնց շուրջ պայմանավորվեցինք հետագայում շարունակել։ Մենք ասացինք մեր դիրքորոշումները, իրենք՝ իրենցը։ Իրենք նոյեմբերի վերջին նախատեսում են եւս մեկ՝ ավելի ընդարձակ քննարկում։ Մեզ համար այն է կարեւոր, որ կամք կա համատեղ գործելու, ինչ-որ բան քննարկելու։ Սա քաղաքական դիրքորոշում է, եւ այդ քննարկումները, մասնավորապես՝ առաջիկա արտահերթ նիստի անցկացումը, քաղաքական այսպիսի քննարկումները, խորհրդակցությունները նպաստում են ընդդիմադիր դաշտում միասնական թիմ ու տեսակետ ձեւավորելուն։ Այդ առումով գործընթացը համարում եմ հաջողված, շարունակելու տեղ կա եւ դեռ կշարունակվի»,- մեջբերում է «Իրավունքը»։