Օրերս ԶԼՄ-ներն անդրադարձել էին սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի նամակին՝ ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Թեմայի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշեց.
Էդմոն Խուդյանի նամակում նշված Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների, Աշխարհաբեկ Քալանթարի եւ Արտաշես Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած «միջադեպի» վերաբերյալ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 13.11.2012 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածով եւ 137 հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է:
Նամակագրի նշած «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի «թալանի» հետ կապված գործը գտնվում է ՊԵԿ նախաքննական վարույթում, եւ ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որեւէ լիազորություն չունի:
Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռեւս ընթացքի մեջ է:





























