ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Կոսովոյում բջջային խոշորագույն օպերատորի սեփականատեր է, իսկ գեներալ Ուեսլի Քլարքը՝ Հարավսլավիայի ռմբակոծման ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, միջոցներ է ներդնում Կոսովոյի ածխահանքերում:
Մադլեն Օլբրայթին հաճախ են հարցնում Հարավսլավիայի ռմբակոծման մասին: «Ես միայն ափսոսում եմ, որ Հարավսլավիայի դեմ օդային գործողությունն ավելի վաղ չէինք սկսել: Կարծում եմ, 1999-ի մարտին միանգամայն ճիշտ ենք վարվել», - ասում է նա: Պաշտոնաթող գեներալ Քլարքը եւս չի կասկածում, որ ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն փրկեցին կոսովցիներին:
«Գոլոս Ռոսիի»-ն գրում է, որ Պենտագոնում ցանկացած ռազմական գործողություն սկսելիս հաշվարկում են դրա եկամուտները:
50 տարում Սերբիան Կոսովոյի եւ Մետոխիայի ենթակառույցներում ավելի քան 17 մլրդ էր ներդրել: Այժմ Հաշիմ Թաչին եւ նրա շրջապատը յուրացնում են այն, ինչն արվել եւ կառուցվել է այդ տարիներին:
Թաչին եւ իր թիմը ամբողջ աշխարհից ներդրողների են հրավիրում, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են քիչ գումարով վերահսկողության տակ առնել Կոսովոյի եւ Մետոխիայի արդյունաբերական օբյեկտները:
Հարուստ եւ ազդեցիկ թոշակառուներ Մադլեն Օլբրայթը եւ Ուեսլի Քլարքը շտապում են մասնակցել սեփականաշնորհմանը: Քլարքը դեռ գարնանն էր Կոսովոյում ածխի հանքավայրերի հետազոտման արտոնագրի հայտ ներկայացրել, իսկ պաշարներն այնտեղ 16 մլրդ տոննա են:
Օլբրայթն էլ չի զիջում գործընկերոջը, նրան է պատկանում բջջային կապի խոշորագույն IPKONET օպերատորը: Նա մտադիր է գնել նաեւ «Կոսովոյի փոստ եւ հեռահաղորդակցումներ» ձեռնարկությունը: Իսկ դա ենթադրում է բջջային կապի մեկ մլն բաժանորդ եւ հարյուր հազար ստացիոնար բաժանորդ: Քլարքն ու Օլբրայթը հազիվ թե տանուլ տան մրցույթներում:





























