Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 29-ին պաշտոնական այցով Անկարա կժամանի Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։

Թուրքիայի կառավարության մամլո բաժնի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ հարցեր։

Բուլղարիայի վարչապետը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, ինչպես նաեւ նախատեսվում են հանդիպումներ թուրք գործարարների հետ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ վերջին շրջանում Բուլղարիայում աճել են հակաթուրքական տրամադրությունները։ «Բուլղար տղամարդիկ» կուսակցության անդամները իրականացնում են անընդմեջ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Բուլղարիայի պետական հեռուստաընկերության եթերով թուրքերեն հաղորդումների։ Հիշյալ կուսակցության ազգայնական ղեկավար Ռոսեն Մարկովը բողոքի նոր ձեւով էր հանդես եկել։ Մարկովը բուլղարական խորհրդարանի առաջ փորձել էր ինքնասպան լինել՝ «խարակիրի» անելով իրեն։ Բուլղարական ոստիկանությանը հաջողվել էր էլեկտրաշոկի միջոցով չեզոքացնել Մարկովին։ Ռոսեն Մարկովը ավելի վաղ բուլղարական ազգային հեռուստաընկերության դեմ ինքնահրկիզման փորձ էր արել` ընդդեմ ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման: Ոստիկանությունը կարողացել էր կանխել այդ արարաքը։ Հավաքված բողոքավորների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակություն»: Բացի այդ, Բուլղարիայում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման, ինչպես նաեւ սկսել են նախաձեռնել հանրաքվե անցկացնել՝ արգելելու համար թուրքերեն հեռարձակումները:

Բացի այդ 2010-ի հունվարի սկզբին Բուլղարիայի արտասահմանյան բուլղարների հարցերի գծով պետնախարար Բոժիդար Դիմիտրովը հայտարարել էր, որ պատրաստվում է 1913 թվականին Թուրքիայից պարտադված հեռացած բուլղարների ժառանգների համար պահանջ ներկայացնել Թուրքիային։