Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ, Հայաստանի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, միեւնույն ժամանակ Անկարան ցանկանում է լրացուցիչ հաղթաթղթեր ձեռք բերել, բայց թուրքական խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, թեեւ հայտնի չէ, թե երբ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, Դավթյանի կարծիքով, 2010թ. զգալի ճեղքման պետք չէ սպասել: Սոչիի հանդիպումը նա առաջընթաց է որակում, սակայն «դեռ վաղ է կոնկրետ արդյունքներ սպասել»:

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում կայացել են Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ ձեւաչափով բանակցությունները, իսկ հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, նախագահները համաձայնեցրել են հակամարտության կարգավորման ապագա փաստաթղթի ներածական մասը: