Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում, նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած  1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով հերթական դատական նիստի ժամանակ հեռուստակոնֆերանսի միջոցով հարցաքննել են գլխավոր ամբաստանյալներ  Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը եւ ուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայան։

Դատական նիստի ժամանակ Թուրքիայի պատմության մեջ տեղի է ունեցել նախադեպ եւ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դատական նիստին ներկա չգտնվող գործով գլխավոր ամբաստանյալներ, Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը եւ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայան վկայություն են սկսել տալ հեռուստակոնֆերանսի միջոցով։

Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակ, այդ ժամանակ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, այնուհետ Թուրքիայի 7-րդ նախագահ ընտրված Քենան Էվրենը հեռուստակոնֆերանսի միջոցով դատարանին հայտնել է թե իրենք կապ չունեն հեղաշրջումից հետո քաղաքացիներին կտտանքների ենթարկելու փաստի հետ։

Ներկայացնենք որոշ թվեր 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից: 650 հազար մարդ ձերբակալվել է, իսկ 1 միլիոն 683 հազար մարդ գրանցվել սեւ ցուցակում: Բացված 210 հազար քրեական գործերով դատապարտվել է 230 հազար մարդ: 7 հազար մարդու համար պահանջվել է մահապատիժ, որոնցից 517 հոգի ենթարկվել է մահապատժի: 171 հոգի մահացել է տանջանքներից, 300 հոգի էլ՝ կասկածելի պայմաններում: Բանտերում սպանվել է 299 հոգի: 14 հոգի մահացել է հացադուլից, 16 հոգի սպանվել է փախուստի դիմելիս, 95 հոգի էլ՝բախման ժամանակ: 43 հոգի ինքնասպան է եղել, իսկ 73 հոգու համար էլ տրվել է «բնական մահով մահացած» եզրակացություն:

Էվրենի ջանքերով Թուրքիայի խորհրդարանը ընդունում է օրենք, որով արգելվում է դատել 1980 թվականի դեպտեմբերի 12-ի հեղաշրջման մասնակիցներին։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գլխավոր դերակատար Քենան Էվրենը ներկայում 95 տարեկան է։  Ներկայիս իշխող կուսակցության կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյուքնում 1980-ի հեղաշրջման կազմակերպիչների դեմ դատական գործընթաց սկսելու ճանապարհը բացված է։

Արթուր Հակոբյան