Հայաստանում այսօր ապրանքների եւ ծառայությունների գներն աճելու միտումներ ունեն։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սպառողների ընկերակցության նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ապրանքների գներն արդեն աճել են 6,5 տոկոսով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով քննարկելու է գազի սակագնի բարձրացման հարցը, որին մասնակցելու են նաեւ հասարակական կառույցները։ Սպառողների ընկերակցության նախագահը հավաստիացրեց, որ կանեն հնարավորը, որպեսզի ապրիլի 1-ից գազի սակագնի թանկացումը լինի ոչ թե 40 տոկոսով, այլ անհամեմատ ավելի ցածր։
Հիշեցնենք, որ Հայռուսգազարդ" ընկերությունը հունվարի 22-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել ` Հայաստանում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ, որով նախատեսվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ մետր բնական գազի գինը գործող 96 հազար դրամից բարձրացնել մինչեւ 136 հազար դրամի:
Արմեն Պողոսյանը գների աճի միտումները պայմանավորվում են միջազգային շուկայում ապրանքների գների թանկացմամբ, սակայն նրա հավաստմամբ, այդ գործում մեծ դեր ունեն նաեւ տեղական մենաշնորհ ունեցողները։
Անդրադառնալով սպառողներից ստացված բողոքներին՝ Պողոսյանը նշեց, որ հունվար ամսին շատ բողոքներ են եղել կարագի գնից եւ որակից, իսկ նախատոնական օրերին՝ ընդեղենի եւ քաղցրավենիքի գներից։



























