2012 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտադիր ապահովագրվել են (ԱՊՊԱ) 366.7 հազար ավտոմեքենաներ, տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն: Թեեւ նախորդ ամիսների համեմատ ապահովագրված մեքենաների թիվը որոշ չափով աճել է, սակայն քիչ հավանական է, որ 2012 թ. կվերականգնվի 2011 թ. մակարդակը (392.5 հազար մեքենա):

Ապահովագրական ոլորտի 7 ընկերությունները հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՊՊԱ-ի շնորհիվ ստացել են 12.3 մլրդ դրամ ապահովագրական վճար, ու իրականացրել 6.4 մլրդ դրամի հատուցում: Այսինքն` ԱՊՊԱ-ի «վնասաբերությունն» (հատուցումների հարաբերակցությունը ապահովագրական վճարներին) արդեն իսկ կազմում է 52%: Նախորդ տարի այդ ցուցանիշը 37.5% էր: Այսպիսով` 2012 թ. տեղի է ունեցել վնասաբերության զգալի աճ: Հրապարակված վիճակագրությունը հերքում է նաեւ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե ԱՊՊԱ-ի շահութաբերությունը մոտ 50% է:

2012 թ. զգալի աճել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները: ԱՊՊԱ-ի շնորհիվ 9 ամսում հատուցում է տրվել 30.4 հազար պատահարի համար, այնինչ 2011 թ. տարեկան ցուցանիշը 25.3 հազար է: 2012 թ. տեղի է ունենում ամսական 3370 ՃՏՊ, 2011 թ. 2100-ի համեմատ: