Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը գրել է «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը։
Առաջին հատորի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Այն համատեղ կազմակերպում են ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը, Պատմության ինստիտուտը եւ մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:
Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը իրավագիրության դոկտոր է, «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության անդամ:
Նրա «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը` հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորը հասնում է մինչեւ հայոց գրերի գյուտը: Ներկայումս մոսկովյան «Յունիպրես» հրատարակչությունում ընթացքի մեջ են երկրորդ եւ երրորդ հատորների տպագրման աշխատանքները:
Գրքի մոսկովյան շնորհանդեսը 2011 թ. ապրիլին տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ինստիտուտի եւ «Ռուս-հայկական համագործակցության» համատեղ կազմակերպմամբ
Ռաֆայիլ Զինուրովի գիրքը եւ դրա ներկայացման արձագանքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի եւ Բաշկիրիայի միջեւ համագործակցության հաստատման խթան է հանդիսացել: Ներկայումս ընթացքի մեջ է Բաշկիրիայի նախագահի` Հայաստան այցելության նախապատրաստումը:
Բաշկիրիայում բնակվում է ավելի քան 20 հազար հայ, Ուֆայում 2001 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: Բաշկիրիայի իշխանությունների կողմից հայ համայնքին Ուֆայում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու համար:




























