Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 400 կիլովոլտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման մասին փաստաթուղթ է ստորագրվել: Այս մասին հունվարի 26-ին կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին հաջորդած ասուլիսում տեղեկացրեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։ «Հայաստանը եւ Վրաստանը էներգետիկ զարգացած ծրագրեր ունեն, եւ այսօր նաեւ ստորագրվեց մի փաստաթուղթ եւս, որի մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռ այն ժամանակ, երբ ես Վրաստանի էներգետիկայի նախարար էի»,- ասաց Գիլաուրին՝ գոհունակություն հայտնելով միջկառավարական նիստի արդյունքներից։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս դրական գնահատեց միջկառավարական նիստի աշխատանքը՝ նշելով, որ նիստում անդրադարձ է եղել բազմաթիվ հարցերի։ Բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման վերաբերյալ նշեց, որ այն ընդգրկված է կառավարության 2010 թվականի ծրագրում ներառված կարեւորագույն միջոցառումների շարքում, որը ֆինասնավորելու է Հայաստանը։ Վարչապետ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այս տարի էլեկտրագծի կառուցումը կընթանա լայն թափով։

Տեղեկացնենք, որ հունվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը նախագահել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները։ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Հայաստանում է մեկօրյա աշխատանքային այցով։

Հանձնաժողովի նիստը տեւել է մոտ մեկ ժամ։ Օրակարգում եղել են սոցիալական, տնտեսական, մշակութային եւ էներգետիկ ոլորտների հարցեր ու բոլոր հարցերի կապակցությամբ, ըստ Հայաստանի վարչապետի, համաձայնություն է ձեռք բերվել: Տիգրան Սարգսյանը նաեւ հույս հայտնեց, որ հանձնաժողովի նիստը կխթանի երկու երկրների գործակցությունը: Վրաստանի վարչապետն էլ, իր հերթին, Տիգրան Սարգսյանին հրավիրեց Վրաստան, եւ հույս հայտնեց, որ Վրաստանում կայանալիք միջկառավարական 9-րդ նիստը նույնպես արդյունավետ կլինի։