«Հանրապետություն» կուսակցությունը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում պաշտպանում է «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Ս/թ դեկտեմբերի 2-ին Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվել, նաեւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Լինելով Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում, ակտիվորեն իրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքների պաշտպանություն:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին եւ կոչ է անում Երեւան քաղաքի Ավանի եւ Նոր-Նորքի ընտրողներին դեկտեմբերի 2-ին քվեարկել հասարակական եւ քաղաքական գործչի օգտին»:

Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքի պատգամավորի պաշտոնը թափուր էր մնացել ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո: Վերջինս նման քայլի էր գնացել այն բանից հետո, երբ իր թիկնապահները իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծելով սպանել էին զինվորական բժիշկ Վահե Ավետյանին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am