Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրականացումը Թուրքիայի համար երեք նպատակ ունի. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում եւ բարիդրացիական կապերի հաստատում, հայ եւ թուրք ժողովուրդների նախապաշարմունքներից ազատագրում եւ խաղաղության ու կայունության հաստատում Կովկասում։ Այս մասի երեքշաբթի NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն։

«Մենք ուզում ենք, որպեսզի գործընթացը զարգանա ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն համապատասխան»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ կոչ անելով Հայաստանին հետեւել հոկտեմբերին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների տառին եւ ոգուն։ Երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն ունի իր նպատակը, եւ Թուրքիան, ինչպես նշել է Դավուդօղլուն, «թույլ չի տա տապալել այդ գործընթացը»։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորել է հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը առանց նրան վնաս հասցնելու։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը սկսել է այս գործընթացը՝ տեսնելով դրա հեռանկարը, եւ հետ չի կանգնելու դրանից։