Հայաստանյան դեղարտադրող ընկերությունները 2013 թ. հունվարի 1-ից GMP (Good Manufacturing Practice, Արտադրության պատշաճ պայմաններ) հավաստագրեր պետք է ստանան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա տեղեկացմամբ՝ այս պահին 3 ընկերություններ («Ֆարմաթեք», «Լիկվոր», «Արփիմեդ») շատ մոտ են նման հավաստագրեր ստանալուն, սակայն դրա համար դեռեւս մի քանի ամիս կպահանջվի: Մյուս ընկերությունների հետ ՀՀ առողջապահության նախարարությունը հատուկ ժամանակացույց կսահմանի, թեեւ Ս. Զաքարյանը չբացառեց, որ 2013 թ. որոշ ընկերություններ չեն հասցնի այդ հավաստագիրը ստանալ:
Հավաստագրեր տրամադրելու է ՀՀ առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիիաների փորձագիտակլան կենտրոնը: «Սպառողը դեղ օգտագործելիս մտքով անգամ չպետք է անցկացնի, որ անորակ է»,- ասաց Ս. Զաքարյանը, հավելելով, որ GMP ստանդարտները նման երաշխիք են տալիս;
Ս. Զաքարյանի տեղեկացմամբ՝ USAID-ի աջակցությամբ վերջերս Հայաստան են ժամանել եվրոպացի փորձագետներ, որոնք ուսումնասիրել են բոլոր ընկերությունների պատրաստվածության աստիճանը GMP ստանդարտներ ներդնելու: Ուշադրություն են դարձվում այնպիսի տեխնիկական հարցերի վրա, ինչպես սենյակների կառուցվածը, ֆիլտրների որակը, աշխատակիցների՝ հարցերին պատասխանելու ունակությունը, թե ինչ նյութից է պատրաստված դարակը (չի կարելի օգտագործել փայտ): Առաջիկայում փորձագետները երկրորդ անգամ կայցելեն՝ ստուգելու, թե ինչ առաջընթաց կա ընկերությունների մոտ;
Ըստ Ս. Զաքարյանի՝ GMP ստանդարտների ներդրումը էապես կմեծացնի հայկական դեղերի արտահանման պոտենցիալը:





























