Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն նոյեմբերի 23-ին Դիլիջանում ծանոթացել է քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ այցելեց  ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ ` աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում` 2013թ. տարեսկզբում: Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Դիլիջանի համայնքային քոլեջում եւ Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով  հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ  չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է  հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Փոխվարչապետը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելեց  Դիլիջանում կառուցվող ախտորոշիչ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Մասնավոր ներդրումներով կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են երեք ամիս առաջ եւ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Պատասխանատուների ներկայացմամբ` ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ արդիական սարքավորումներով հագեցած ցերեկային ստացիոնարով բուժհաստատությունը կունենա ռադիոլոգիական կենտրոն` համակարգչային տոմոգրաֆ, սրտի, աչքի հիվանդությունների ախտորոշման, լաբորատոր տարբեր հետազոտություններ իրականացնելու հնարավորություն: Այն լինելու է տարածաշրջանում նման ծառայություններ մատուցող միակ կենտրոնը:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Դիլիջանի քաղաքապետարանում` մարզային եւ տեղական իշխանությունների ղեկավարների, ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ծրագրերի ընթացքի, քաղաքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի դերը քաղաքի եւ տարածաշրջանի զարգացման հարցում, կարեւորեց դրանք իրականացնելու գործում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը:

Փոխվարչապետն այցելեց նաեւ  Ծաղկաձոր, որտեղ ծանոթացավ  «Մարիոթ»  ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան վերակառուցված հյուրանոցային համալիրի  հնարավորություններին եւ պայմաններին: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող  «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել  «Մարիոթ ինթերնեյշնլ»  ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին եւ վերակառուցվել: Փոխվարչապետը բարձր գնահատեց կատարված  աշխատանքները`թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծեց ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից եւ ողջունելի համարեց մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը: