NEWS.am-ի հարցազրույցը հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ:
Պարոն Գեւորգյան, ոսկերչության մեջ կա՞ «մոդա» հասկացությունը:
Իհարկե: Ոսկերչությունը արվեստի ուղղություն է, մոդան այստեղ հիմնականում թելադրում են խոշոր ֆիրմաները կամ բրենդները: Սակայն բարձրարժեք ոսկերչական իրը երբեք չի հնանում եւ մոդայից դուրս չի գալիս, ինչպես հագուստի դեպքում: Հին ավանդույթները ոսկերչության մեջ միշտ էլ լուրջ մրցակցում են նորությունների հետ:
Կարելի՞ է առանձնացնել մոդայի որեւէ ուղղություն ներկայում:
Մոդան հիմա ավելի շատ վերաբերում է քարերին եւ դիզայնին; Հիմա շատ մոդայիկ են արծաթե իրերը: Տնտեսական վիճակը նույնպես մոդա է թելադրում; Երբ տնտեսական վիճակը շատ ծանր է, մարդիկ ստիպված գնում են էժան իրեր, իսկ դիզայներները սկսում են մշակել միջին խավի պահանջներին համապատասխան զարդեր: Հիմա շատ մոդայիկ են կիսաթանկարժեք քարերը, որ ես ինքս շատ սիրում եմ՝ փիրուզը, ագաթը, խալցեգոնների տեսակները, տուրմալինների տեսակները: Շատ ենք օգտագործում մեր հայկական օբսիդիանները:
Աշխարհում կան ոսկերչության երկու առաջատար երկրներ: Իտալիան, որ որակ է թելադրում, եւ Հնդկաստանը, որ քանակի վրա է աշխատում; Որտե՞ղ է դիրքավորվում Հայաստանը:
Դիզայնի լավագույն դպրոցները իսկապես էլ գտնվում են Իտալիայում: Բոլորիս կողմից ընդունված է, որ լավագույն դիզայներները իտալացիներն են: Մի քանի ազգ կա, որ ոսկերիչի համբավ ունեն, նրանցից մեկը հայերն են: Համաշխարհային ոսկերիչների կոնֆեդերացիայի նախագահ Գայտանո Կավալյերին, որ ոսկերչական ինդուստրիայում առաջին մարդն է, շատ բարձր է գնահատում հայ ոսկերիչներին: Երբ վերջերս Մոսկվայում էր՝ ապշած էր հայ դիզայներական մտքի ու կուլտուրայի վրա: Պատահական չէ, որ ներկա գտնվեց նաեւ Երեւանում AJA-ի տասնհինգամյակին նվիրված միջոցառմանը եւ ոսկերիչների միջազգային երկրորդ ցուցահանդեսին:
Ոսկերիչի տոնը Ձե՞ր գաղափարն էր:
Այո, այս տարի իմ խնդրանքով Հայաստանի կառավարությունը հռչակեց հայ ոսկերիչի տոնը (հոկտեմբերի 28), որը մեծ աջակցություն է բոլոր հայ ոսկերիչների համար: Որտեղ էլ լինի՝ Նյու Յորքում, Թաիլանդում, Մոսկվայում կամ Երեւանում, այդ օրը հայ ոսկերիչները պետք է բաժակ բարձրացնեն: Օրը ընտրեցինք հետեւյալ կերպ. բացի պատմական դեպքերից, շատ կարեւոր է, որ հոկտեմբերի վերջը համեմատաբար հարմար ժամանակ է Երեւանում ցուցահանդես կազմակերպելու եւ հավաքվելու համար: Իսկ ցուցահանդեսը ոսկերիչների համար մեծ նշանակություն ունի, դա մեր բիզնեսի առաջխաղացման հիմքերից է: Նշեմ, որ արդեն մեծ հետաքրքրություն կա երեւանյան ցուցահանդեսների նկատմամբ, արդեն հաջորդ տարի դահլիճը փոխելու ենք, քանի որ մասնակցելու ցանկություն ունեցողները շատ են: Շատ հաջողակ հայ ոսկերիչներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, այս ցուցահանդեսն առիթ է նրանց համար՝ ծանոթանալ Հայաստանին ոչ միայն որպես զբոսաշրջային վայր, այլ որպես բիզնես միջավայր:
Եթե չեմ սխալվում, դուք մեծ նշանակություն եք տալիս ազատ տնտեսական գոտուն; Իսկ ե՞րբ դա առարկայական կդառնա:
Որպեսզի ինդուստրիան աշխատի, անհրաժեշտ է համապատասխան միջավայր; Ազատ տնտեսական գոտին մի հրաշք է, որը հնարավորություն է տալու մրցակցել Չինաստանի, Հնդկաստանի կամ այլ երկրների ոսկերչական ինդուստրիայի հետ: Ես տասնյակ ընկերներ ունեմ, որոնք Չինաստանում են արտադրություն հիմնում միայն այն պատճառով, որ այնտեղ պայմաններն ավելի բարենպաստ են: Ազատ տնտեսական գոտին եթե լինի՝ ոչ ոք չի կարող այլեւս ասել, թե Չինաստանում պայմաններն ավելի լավն են, քան Հայաստանում: Հայաստանի կառավարությունը դա շատ լավ գիտակցում է, ու անցյալ տարի օրենք ընդունեց ազատ տնտեսական գոտիների մասին: Արդեն բազմաթիվ ոսկերիչներ ցանկություն են հհայտնել ներդրումներ անել այդ գոտում; Հարյուրների ու հազարների մասին չէ խոսք գնում, բայց ժամանակի ընթացքում ինդուստրիան կաճի: Հայ երիտասարդները դրա շնորհիվ աշխատատեղեր կունենա; Ինձ մոտ Մոսկվայում 350 հայ ոսկերիչ է աշխատում, ու ցանկանում եմ մի մասին ետ ուղարկել Հայաստան: Եթե միջին աշխատավարձը 400-500 դոլար լինի, հայ երիտասարդները կմնան այստեղ, չեն արտագաղթի:
Հիմա պետք է լուծենք տարածքի հարցերը: Մեծ տեղ է պետք՝ 15-20 հազ. քառ. մետր, որպեսզի եւ օֆիսներ, եւ ֆաբրիկաներ բացվեն: Փոքր ֆաբրիկաներ պետք է լինեն՝ 20-30 աշխատատեղով: Նաեւ առեւտրի պայմաններ են հարկավոր: Ցանկանում էինք օդանավակայանի հին շենքը վերցնել, որ ներկայում չի օգտագործվում, բայց համաձայնություն չկայացավ; Բյուրոկրատական հարցերի մեջ չենք մտնում, քանի որ չենք հասկանում, բայց լավ կլիներ, որ տեղական իշխանությունները մեզ աջակցեին այդ հարցում: Մեզ տեղ է պետք, լավ տեղ, որ Նյու Յորքի կամ Փարիզի գործարարը գա եւ իրեն հարմարավետ զգա:
Աշխարհում քանի՞ հայ ոսկերիչ կա:
Դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ 15-20 հազ.; Հաշվել ենք, որ համաշխարհային ոսկերչական ինդուստրիայի 6-8%-ը ապահովում են հայ ոսկերիչները, ու դա հպարտանալու առիթ է:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























