Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու բեւեռների: Մի բեւեռը՝ իշխանական, բնականաբար ուզում է վերարտադրվել, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում: Մյուս բեւեռը, որտեղ ավելի մեծ թվով քաղաքական կուսակցություններ են ներկայացված, հանդես է գալիս համակարգային եւ իրավիճակի կտրուկ փոփոխության դիրքերից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Եթե քաղաքական դաշտում կա երկու բեւեռ, հասարակությունում ընդամենը մի բեւեռ է: Բացառությամբ իշխանական նեղ շրջապատի՝ հասարակության մեծամասնությունը երկրում ցանկանում է կտրուկ փոփոխություներ տեսնել:
Հարց է ծագում, եթե փոփոխությունը հասարակության ցանկությունն է, եւ կան քաղաքական ուժեր, որ կարող են առաջնորդել այն, ի՞նչ խոչընդոտ կա ընտրությունների միջոցով հասնելու այդ փոփոխություններին: Ես երեք հիմնական խոչընդոտ եմ տեսնում.
1. Հույսի եւ հավատի բացակայություն: Հաշվի առնելով մեր անկախության երկու տասնամյակների պատմությունը եւ յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովրդի հիասթափությունը, ներկայում շատ լուրջ մարտահրավեր կա՝ կարողանալ ժողովրդի մոտ վերակենդանացնել 91-ի հույսն ու հավատը:
2. Քաղաքական ուժերի շահերի բախում եւ հակասություններ: Չնայած փոփոխության կողմնակից բեւեռում հայտնված քաղաքական ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, սակայն այդ նպատակի իրականացման ճանապարհին եւ դա անելու ձեւերի մեջ նրանք տարբեր մոտեցումներ ունեն: Բացի այդ, կա նաեւ շահերի որոշ բախում այդ գործընթացներում յուրաքանչյուրի տեղի եւ դերի շուրջ:
3. Ընտրությունների արդյունքը կանխորոշող իշխանական լծակներ: Յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկության արդյունքների վրա ազդելու նոր, անսպասելի նորարարություն է ներմուծվել: Որքան էլ հակադիր ուժերը փորձել են միասնական ջանքերով կանխել այն, առայսօր հաջողություն չեն ունեցել:
Չնայած այս խոչընդոտներին՝ ես կարծում եմ, որ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավոր է հասնել: Դրա բանալին նշածս խոչընդոտներից երկրորդի վերացումը կարող է լինել: Հաշվի առնելով մեր անցկացրած խորհրդակցությունների առաջին փուլը, ես այս հարցում որոշ հեռանկար տեսնում եմ: Մեծամասնական համակարգից հրաժարվելու եւ ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու կարեւորագույն հարցերում որեւէ տարակարծություն չկա: Ինչ վերաբերում է 100-տոկոսանոց խորհրդարանական համակարգի անցնելուն, դեռ կան տարակարծություններ: Բայց դա չի կարող խոչընդոտող հանգամանք լինել մի պարզ պատճառով, որ մեծ հաշվով այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, իսկ քաղաքական ուժերն ընդամենը պետք է համաձայնության գան, որ մինչեւ հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հարցը դնեն հանրաքվեի: Եվ քանի որ մենք արդեն համաձայնել ենք ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, որով բացառելու ենք ընտրակեղծիքները, բնականաբար՝ նաեւ հանրաքվեի ընթացքում, ուստի այս պահին անիմաստ կլինի վիճել ժողովրդի կամքին ենթարկվելու կամ չենթարկվելու մասին:
Նախագահական ընտրություններին եւ թեկնածուների գրանցումներին քիչ ժամանակ է մնացել: Այնպես որ՝ շուտով կերեւա՝ թե՛ փոփոխության, թե՛ իշխանական բեւեռները կդրսեւորեն քաղաքական այնպիսի հասունություն, որ կարողանանք արժանապատիվ ձեւով՝ առանց ցնցումների, երկիրը դուրս բերել ծանր վիճակից եւ դնել կայուն զարգացման ճանապարհի վրա»,- գրել է Վարդան Օսկանյանը:




























