«Հրապարակը» գրում է, թե շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում եւ քաղաքապետ եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ լավատեղյակների, այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը:
Բարձր իշխանական էլիտան եւ Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ. այստեղ են եղել ոչ միայն ԱԺ նախագահը, վարչապետը, մյուսները, այլեւ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին` հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ:
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարեւ-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին: Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր: Ու թեեւ այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած մեր աղբյուրները, որպես օրինաչափություն, նա եւս մասնակցում է ծննդյան արարողությանը, ԱԺ նախագահն այս անգամ չի մեկնել արտերկիր` այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու: Մեր տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում:





























