Նոյեմբերի 26-ին Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի մայրաքաղաք Գրաց քաղաքում տեղի ունեցավ ժամանակակից հայ գրականությանը նվիրված գրական-գեղարվեստական երեկո: Միջոցառման կազմակերպիչներն էին Գրաց քաղաքի գրական ընկերությունը եւ LICHTINGEN գրական-մշակութային հանդեսը: Հանդեսի 2012 թ. տարեկան հատուկ թողարկման մի ստվար հատվածը նվիրված էր ժամանակակից հայ գրականությանը, ուր ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի արդի հայ գրողների ստեղծագործությունները: Միջոցառմանը մասնակցեցին եւ արդի հայ գրականության խնդիրների շուրջ ելույթներով հանդես եկան Հայաստանից հրավիրված բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը, Վիեննայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը եւ հանդեսում հրապարակված թարգմանությունների հեղինակ, Ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Գրացի քաղաքապետարանի մշակութային քաղաքականության պատասխանատուներ, համալսարանականներ, քաղաքի եւ երկրամասի հասարակական-քաղաքական, գրական, արվեստագիտական շրջանների, գրացահայության ներկայացուցիչներ: