Բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոկայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 2013 թ. կազմելու է 20.287 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի): Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ 2012 թ. այդ սակագինը կազմում էր 19.551 դրամ, ինչն, ընդհանուր առմամբ, նպաստում էր փոքր հիդրոէներգետիկայում մասնավոր ներդրումների աճին: Սակագինը բարձրացնելով` Հանձնաժողովը լրացուցիչ խթաններ է ստեղծում փոքր հէկերի կառուցման համար:
Բացի այդ` ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագինը 2013 թ. կկազմի 13.523 դրամ/կՎտժ` 2012 թ. 13.033 դրամի համեմատ:
Խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կսահմանվի 9.017 դրամ/կՎտժ` 2012 թ. 8.690 դրամի համեմատ:
Փոխարենը կնվազեցվի հողմային կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 34.957 դրամ/կՎտժ, 2012 թ. 35.339 դրամի համեմատ:
Նշենք, որ այս սակագները պարտադիր են «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության համար եւ վերջնական սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների վրա չեն ազդում:




























