Թեպետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններին դեռեւս բավական ժամանակ կա (ընտրությունները տեղի են ունենալու 2013 թ. հունիսի 14-ին), սակայն քաղաքական տարբեր ուժերի միջև մրցակցությունն արդեն իսկ դարձել է իրանական հասարակության լայն զանգվածների քննարկումների հիմնական թեման:
Ինչպես ենթադրվում է, նախագահական ընտրությունների նկատմամբ հասարակական տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունն ու դյուրազգաց վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել ոչ այնքան նախագահի ինստիտուտի դերը գերագնահատելու հանգամանքով (անհրաժեշտ է հիշել, որ պետության ընդհանուր քաղաքական ուղենիշերը սահմանում է գերագույն հոգեւոր առաջնորդը՝ «ռահբարը», այլ ոչ նախագահը), որքան Իրանի համար դժվար հաղթահարելի միջազգային խնդիրներով, որոնց լուծումն առաջին հերթին պահանջում է ներքին կայունություն և անցնցում զարգացումների հեռանկար:
ԻԻՀ-ի ներքաղաքական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ չկան գաղափարապես անհամատեղելի տարաձայնություններ ունեցող քաղաքական ճամբարներ: Որպես օրինակ՝ նման անհամատեղելիություն կարող էր լինել այն դեպքում, եթե որեւէ քաղաքական ուժ հանդես գար պետության կառավարման իսլամական ձևաչափի փոփոխության կարգախոսներով, ուժ, որը ներկայում պարզապես բացակայում է կամ առնվազն հայտնի չէ իրանական հասարակությանը: Ուստի ստեղծված պայմաններում տրամաբանական է, որ Իրանում առանձին քաղաքական գործիչների համար սկզբունքային խնդիր չէ ժամանակ առ ժամանակ սատարել իրենց մրցակից ուժերի քաղաքական որոշումները կամ նույնիսկ նրանց կողմից նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածությունը, եթե հիմքում դրված է ազգային շահն ու պետության միասնականության պահպանման հրամայականը:
Ինչ խոսք, քաղաքական նմանօրինակ վերադասավորումները միևնույն ժամանակ մեծացնում են ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների անկանխատեսելիության հավանականությունը՝ պահպանելով մրցակցային լարվածությունը:
Ներկայում՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, ներքաղաքական զարգացումներն Իրանում ծավալվել են չորս հիմնական ճամբարների շուրջ, որոնք, ինչպես ենթադրվում է, կարող են մոտ ապագայում հանդես գալ հայտարարությամբ՝ ներկայացնելով նախագահի սեփական թեկնածուին: Սակայն մինչ այդ, ճամբարները պետք է հաղթահարեն ներճամբարային խմորումները և կողմնորոշվեն իրենց քաղաքական գաղափարները ներակայացնող միասնական թեկնածուի ընտրության հարցում:
Իրանի նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ գտնվող հիմնական ուժերն են՝ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին մոտ կանգնած արմատականները, բարեփոխականները, ԻԻՀ-ի նախկին նախագահ (1989-1997 թթ.) և ներկայում Իսլամական վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կողմնակիցները, ինչպես նաև ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համախոհները: Բայց ինչպես վերևում արդեն ակնարկել ենք, նման բաժանումները ճամբարների պայմանական բնույթ են կրում: Օրինակ՝ նույն Հաշեմի Ռաֆսանջանիի համակիրների շարքում մեծ թիվ են կազմում ինչպես արմատական, այնպես էլ բարեփոխական գաղափարների հարող քաղաքական գործիչները:
ԻԻՀ-ի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, Ալի Աքբար Վելայաթին, Մոհսեն Ռեզային և Մոհամադբաղեր Ղալիբաֆն այն ազդեցիկ արմատական գործիչներն են, որոնք ջերմ հարաբերությունների մեջ են Հաշեմի Ռաֆսանջանիի և որոշ բարեփոխական քաղաքական ուժերի հետ, անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցության: Ինչպես ենթադրվում է, արմատական ուժերը կարող են սատարել Հաշեմի Ռաֆսանջանիի թեկնածությունը ներքոհիշյալ հիմնական երեք նկատառումներից ելնելով՝
ա) Եթե արմատականների ճամբարում փոխհամաձայնության մթնոլորտ չձևավորվի միասնական թեկնածու առաջադրելու հարցում և ներքին երկպառակությունների վտանգ առաջանա
բ) Եթե հակասությունները բարեփոխականների և արմատականների միջև այն աստիճան խորանան, որ չեզոք քաղաքական ուժի անհրաժեշտություն առաջանա՝ որպես հաշտեցնող օղակ
գ) Եթե արմատականները, խուսափելով հետընտրական բարդություններից և հասարակական դժգոհություններից, ընդառաջ գնան ժողովրդի մի ստվար զանգվածի ցանկությանը՝ նախագահի պաշտոնին տեսնելու անձի, որը չի ներկայացնում քաղաքական որևէ ճամբար:
Հատկանշական է, որ Հաշեմի Ռաֆսանջանիի հաշվենկատ քաղաքականությունը՝ միանգամից չբացահայտել բոլոր խաղաթղթերը, առայսօր ծառայել է նրա օգտին: Նա մինչ այժմ նույնիսկ բացեիբաց չի հայտարարել բոլոր այն քաղաքական գործիչների անունները, որոնք կանգնած են իր թիկունքին և ներկայացնում են իր թիմը՝ դրանով իսկ իր դեմ չգրգռելով ո՛չ արմատականներին, ո՛չ բարեփոխականներին:
Բարեփոխականների ճամբարում քննարկումները հիմնականում ընթանում են նշանավոր քաղաքական գործիչ, ԻԻՀ-ի նախկին նախագահ (1997-2005 թթ.) Սեյեդ Մոհամադ Խաթամիի անձի շուրջ՝ որպես նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածու: Սակայն ընդդիմադիր բարեփոխականները կանգնած են բարդ ընտրության առջև. եթե նրանք որոշում ընդունեն մասնակցել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով, ապա անհրաժեշտ կլինի մշակել համապատասխան օրակարգ, որը չի տանի երկիրը ներքին ցնցումների ճանապարհով՝ աչքի առջև ունենալով սիրիական դեպքերը, իսկ եթե ընդդիմությունը որոշի չմասնակցել ընտրություններին, ինչպես տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա պետք է կարողանա համոզել իր ընտրողներին տվյալ որոշման ճշմարտացիության մեջ. հակառակ դեպքում ընդդիմությունը, ի դեմս բարեփոխականների, կարող է այլևս չհավակնել ժողովրդական զանգվածների աջակցությանը:
Շատ ավելի բարդ իրավիճակում է հայտնվել նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը, ըստ էության, զրկված լինելով գերագույն առաջնորդի և արմատական գործընկերների հովանավորությունից, չունի նաև հասարակական ամուր հենարան: Տարաձայնություններն արմատական վերնախավի և Մ. Ահմադինեժադի միջև սկիզբ են առել դեռևս 2009 թ. նախագահական ընտրությունների ժամանակաշրջանից, երբ արմատական գործիչներից շատերը, դժգոհելով նախագահության առաջին շրջանում Մ. Ահմադինեժադի վարած քաղաքականությունից, փորձում էին առաջադրել Ալի Աքբար Վելայաթիի թեկնածությունը: Այնուամենայնիվ, հետագայում արմատականները եկան փոխհամաձայնության, և առաջադրվեց Մ. Ահմադինեժադը:
Վերջինիս վերընտրվելուց հետո սկսվեց հետընտրական դժգոհությունների ալիք, որը երբեմն որակվում է որպես «արաբական գարնան» նախատիպ՝ անտեսելով այն կարեւոր հանգամանքը, որ ի տարբերություն արաբական այն երկրների, որտեղ հետագայում տեղի ունեցան հեղափոխություններ՝ Իրանում քննադատությունների հիմնական թիրախում ոչ թե բարձրագույն իշխանություններն էին, իսլամական օրենսդրությունն ու իսլամական կառավարման համակարգը, այլ պարզապես նախագահ վերընտրված Մ. Ահմադինեժադն ու նրա կառավարությունը: Իրանական ընդդիմությունը, փողոցներում բողոքելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումներից, միտում չուներ դրսից որևէ օժանդակություն ստանալ, կարևորագույն հանգամանք, որն իր հերթին, տարանջատում է «արաբական գարնան» և Իրանի 2009 թ. հետընտրական զարգացումները:
Նախագահության երկրորդ շրջանում Մ. Ահմադինեժադն արդեն բացահայտ հակասությունների մեջ ներքաշվեց անձամբ գերագույն հոգևոր առաջնորդի հետ: Հիշենք թեկուզ Ազգային անվտանգության և հետախուզության գերատեսչության ղեկավար Հ. Մոսլեհիի պաշտոնանկությունը նախագահի ստորագրությամբ, այնուհետև գերագույն առաջնորդի հատուկ հրամանագրով պաշտոնում վերականգնվելը: Ուստի Մ. Ահմադինեժադի և նրա համախոհների համար ստեղծված նման անբարենպաստ և անհավասար քաղաքական մրցակցային պայմաններում չի բացառվում, որ նրանց «թիմի» կողմից նախագահի թեկնածություն ընդհանրապես չառաջադրվի:
Անկախ նախագահի պաշտոնի համար այս կամ այն թեկնածությունից՝ թվում է, որ իրանական հասարակության ներսում և տարբեր քաղաքական ուժերի միջեւ որոշակի հանդուրժողականության մթնոլորտը, իսլամական բարձրագույն ղեկավարության նկատմամբ վստահությունը, սեփական երկիրն արտաքին բացասական ազդեցություններից զերծ տեսնելու հրամայականն առաջիկա նախագահական ընտրություններին կարող են դառնալ հասարակությունը համախմբող հիմնական գործոններ:
Եթե առաջիկա նախագահական ընտրություններում ամեն ինչ ընթանա խաղաղ և բնականոն հունով, այն հուսախաբ կանի այն արտաքին ուժերին, որոնք շահագրգռված են Իրանում սոցիալ-քաղաքական ներքին դժգոհությունների առաջացման հեռանկարով: Հետևաբար, ԻԻՀ-ի նախագահական ընտրությունները, եթե նույնիսկ չեն համարվում ամենակարևոր իրադարձությունը ներքին քաղաքական կյանքում (օրինակ՝ գերագույն հոգեւոր առաջնորդի ընտրությունն առավել կարեւոր է), ապա դրանց նշանակությունն արտաքին քաղաքականության տեսանկյունից կարող են շատ կարեւորվել։
Ռուդիկ Յարալյան





























