Բանակցային գործընթացներ են ընթանում, քաղաքական կոնսուլտացիաներ եւ այլն, ես չեմ ցանկանում իմ կարծիքը հայտնելով խանգարել այդ գործընթացին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը:
«Ես որոշում ունեմ իմ մեջ որեւէ կարծիք չհայտնել եւ դրանով որեւէ մեկին թույլ չտալ ասել, թե ես իմ դիրքորոշումը հայտնելով` վնասում եմ գործընթացին: Իմ կարծիքը շատ շուտ ասել եմ, կլինեմ սխալ իմ նախնական կարծիքը հայտնելուց, կընդունեմ իմ սխալը, տա Աստված` ես սխալ լինեմ»,- ասաց նա` հավելելով, որ երբ վերջնական որեւէ բան լինի, կհայտնի իր կարծիքը:
Սոս Գիմիշյանի համար նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցելու նախընտրելի տարբերակը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է, «ճիշտ է` ինքնանպատակ սա չի կարող լինել»: «ՀԱԿ-ը տարբեր ճանապարհներ ունի, կարող է թեկնածու չունենա, կարող է առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ամեն ինչ կարող է, ոչ մի բան չի բացառվում»,- ասաց նա:
Հարցին, թե ձեր խոսքից կարելի՞ է կռահել, որ ՀԱԿ-ԲՀԿ-ի միասնական թեկնածուով հանդես գալուն, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելուն դուք կողմ չեք, նա պատասխանեց. «Դուք ասացիք»:
Անդրադառնալով ՀԱԿ-ում առաջացած խմորումների ու պառակտությունների մասին խոսակցություններին` կուսակցության ղեկավարն ասաց. «Դեռեւս պառլամենատականից առաջ ՀԱԿ-ում պրոցեսներ սկսվեցին, այդ ժամանակ ներկայացվեց, որ ՀԱԿ-ը որոշ քայլերի գնաց` դիտարկելով պառլամենտականը որպես միջանկյալ` հանուն նախագահականի, ինչի հետ այդ ժամանակ ես իմ անհամաձայնությունը հայտնել եմ, սպասում ենք, տեսնենք, գուցե ինչ-որ ծրագիր կա, որը կարող է հաջողության բերել»:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնադրվել է 2008թ: Դրան մաս են կազմում ՀՀՇ կուսակցության անդամներ, զանազան ընդդիմադիր կուսակցություններ, շարժումներ եւ անհատներ: Այժմ ՀԱԿ անդամ է 13 կուսակցություն եւ 2 նախաձեռնություն: Ժամանակի ընթացքում երեք ուժեր դադարեցրել են իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին՝ «Հանրապետությունը», Հայաստանի Լիբերալ կուսակցությունը եւ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: Ավելի վաղ ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցությունը հայտարարել է, որ չի ողջունում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ եթե 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կմասնակցի, կօգնի ՀԱԿ-ին, իսկ եթե չառաջադրվի, վերջիններս կկասեցնեն իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին:



























