Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, այցելել հայ հոգեւոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառ եւ հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը Զմմառում մասնակցել է «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի եւ Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այցելել ձեռագրերի եւ հնատիպ գրքերի ցուցահանդես:

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակների, լուսավորության, մշակութային զարթոնքի, ինչպես նաեւ ֆիզիկական գոյության պայքարի՝ մաքառումներով լի էջեր: Անշուշտ, գոյատեւման պայքարն ինքնին հերոսական է: Բայց համակվում ես հպարտության զգացումով, երբ գիտակցում ես, որ հայը ամենուր կարողացել է ստեղծել բարիք ու արժեքներ: Էջմիածնում թե Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Երուսաղեմում, Վիեննայում, թե լիբանանյան այս գողտրիկ անկյունում, հայ ժողովուրդը մշտապես դրսեւորել է արարելու իր աննկուն հատկանիշը»,-Զմմառում մշակութային կենտրոնի բացման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության եւ մեր դարավոր մշակութային ժառանգության: «Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը եւ ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: