«Բուլղարական ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Անգել Ջամբազսկին Բուլղարիայում թուրքական տիրապետության մասին գիրնք անվանել է «թուրքական կոմիքս»: «Թուրքերը Բուլղարիայում» իր գրքում բուլղարացի բանասեր, դոցենտ Յորդանկա Բիբինան գրել է, որ թուրքերի տիրապետությունը գիտական տեսանկյունից չի կարելի ստրկություն անվանել: «Գիրքը չի հերքում թուրքական ստրկությունը: Գիտության մեջ մենք, սովորաբար, չենք հստակեցնում տերմինալոգիան»,-հայտարարել է նա, հաղորդում է բուլղարական «24 ժամ» պարբերականը:

Իր հերթին, Ջամբազսկին հայտարարել է, որ «ստրկության» սահմանումը տվել է բուլղար ժողովուրդը: «Օսմանյան գերիշխանությունը 500-ամյա ժամանակաշրջան է, երբ ցեղասպանություն է տեղի ունեցել, իսկ բուլղարացիներին վաճառել են շուկաներում՝ անասունների նման: Նրա խոսքով, գիրքը քաղաքական ուղղվածություն ունի, քանի որ այնտեղ գովեստի խոսքեր են հնչում Բուլղարիայի էթնիկ թուրքերի կուսակցության («Շարժում հանուն իրավունքների եւ ազատության՞) հասցեին: Ջամբազսկին նշել է, որ այդ «ալբոմը» (նկատի ունի գիրքը-խմբ), լրիվ կարող էր գրել թուրքական կուսակցության առաջնորդ Ահմեդ Դողանը, իսկ խմբագրել՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիան, ըստ նրա, շռայլորեն ֆինանսավորում է պատմությունը խեղաթյուրող ստեղծագործությունների հրատարակումը:

Գրքի հեղինակ Բիբինան հայտարարել է, որ գիրքը ֆինանսավորել է հրատարակչությունը, այլ ոչ թե որեւէ կուսակցություն եւ հավելել, որ համաձայն չէ, երբ գիրքն անվանում են ալբոմ:

Ի պատասխան Ջամբազսկին «ներողություն է խնդրել», հայտարարելով, որ գիրքն իրականում ոչ թե «ալբոմ» է, այլ՝ «թուրքական կոմիքս»: