Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում պարտադրված պատերազմ եւ ատելություն սերմանելու համար ստեղծվող պարարտ հող: Այս մասին, նոյեմբերի 27-ին, Բեյրութում, Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի եւ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլորովին վերջերս էր, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ի պատասխան ազգերի ինքնորոշման իր հիմնարար եւ օրինական իրավունքի խաղաղ պահանջի, ստիպված եղավ դիմակայել եւ հաղթահարել Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը: Հայրենիքը լքելու կամ ինքնապաշտպանվելու երկընտրանքից Լեռնային Ղարաբաղի հերոսական ժողովուրդն ընտրեց երկրորդ տարբերակը: Եվ բազմաթիվ զրկանքների եւ արյան գնով տեր կանգնեց սեփական հայրենիքում ազատ ապրելու իր իրավունքին»,-նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, այժմ Ադրբեջանը ջանք չի խնայում խնդրի էությունը խեղաթյուրված ներկայացնելու, ամենատարբեր կառույցներում ապատեղեկատվություն տարածելու եւ տարբեր երկրներին թյուրիմացության մեջ գցելու համար: «Ադրբեջանը որոշ հարթակներում փորձում է խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, ինչը չի կարող աղերս ունենալ իրականության հետ: Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները բազմաթիվ իսլամական երկրների հետ վկայում է մեր` տարբեր կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության համար բաց լինելու մասին: Ցավալի է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվում է, շահարկելով իսլամական համերաշխության գործոնը, ղարաբաղյան խնդրի նկատմամբ խեղաթյուրված դիրքորոշումներ ձեւավորել: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ եւս իմ խորին երախտագիտությունը հայտնել ԼՂ հարցում Լիբանանի հավասարակշիռ դիրքորոշման եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար: Ձեր հավասարակշիռ մոտեցումը եւս մեկ ներդրում է` հօգուտ մեր տարածաշրջանի կայունության»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Այսօր Ադրբեջանը, չնայած հաստատված զինադադարին, շարունակում է գնդակոծել ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի սահմանները, եւ որին զոհ են գնում անմեղ երիտասարդներ: Ի պատասխան միջազգային հանրության` խնդիրը խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին, շարունակում է իր ռազմատենչ քարոզչությունը եւ սպառազինությունների աննախադեպ կուտակումը: Բերեմ միայն մեկ օրինակ. Ադրբեջանի՝ Իսրայելից գնած սպառազինություններն ըստ տարբեր աղբյուրների գերազանցում են 1,5 մլրդ դոլարը: Բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանն ընդառաջ չի գնում միջնորդների առաջարկներին վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ, ասենք դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցում:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդին մեծ եռանդով ատելություն եւ թշնամանք ներարկել հայերի նկատմամբ: Այլապես, ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Այստեղ, այս բարձր ամբիոնից, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա որեւէ ժողովուրդ, որին Հայաստանը եւ հայերը թշնամի կանվանեն: Եվ բնական է, որ չկա: Մեր թշնամին այլատյացությունն է, որ այդպես լիուլի հարեւան երկրում ներարկում են իրենց մատաղ սերնդին: Մեր թշնամին ծայրահեղականությունն է եւ անհանդուրժողականությունը, ինչպիսին ոմանց երազներն են՝ աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանն ու Ղարաբաղը, հայաթափել դրանք, ինչպես հայաթափել են Ադրբեջանի կազմում մեկ այլ` Նախիջեւանի ինքնավարությունը:

Այս անհեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ժողովուրդը երբեք պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել: Վերջապես ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, կարծում եմ, Ադրբեջանը չեն պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, ուստի խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի հեռանկարը ոչ թե ընտրություն է, այլ հրամայական»,-հայտարարել է ՀՀ նախագահը:

Նա նկատել է, որ արդեն երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանը ուս ուսի տված շարունակում են Հայաստանը պահել անօրինական շրջափակման մեջ, որը թեեւ վնասել ու խոչընդոտել է մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, սակայն չի կարողացել խաթարել այն: «Կարծում եմ ժամանակն է, որ մեր հարեւան պետությունները իրատեսական հայացք գցեն տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, վերագնահատեն իրենց քայլերի արդյունավետությունը: Այդ պարագայում միգուցե մեր բազմաչարչար ժողովուրդների մոտ կարթնանա հաշտ ու խաղաղ ապագայի հույսը»,-իր խոսքն ամփոփել է Սերժ Սարգսյանը: