ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 27-ին ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը՝ Ղազախստանի քաղաքական պլանավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Տալգատ Կալիեւը ներկայացրել է Ղազախստանի կողմից ԵԱՀԿ նախագահության ընթացքում իրականացվելիք քայլերը եւ ընդգծել, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության շրջանում ԵԱՀԿ աշխատանքն ավելի կակտիվանա: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Տալգատ Կալիեւը տեղեկացրել է, որ փետրվարին տարածաշրջան, այդ թվում` Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը: