«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ դեռեւս համաձայնության չեկած դրույթների շուրջ իրենց առաջարկները հայտնելու համար Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տրված երկու շաբաթ ժամկետը կարելի է որակել որպես «հորդոր»։ Նման տեսակետ նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Արամ Սաֆարյանի կարծիքով, եթե հակամարտող կողմերը սկզբունքորեն համաձայնվել են առաջ մղել բանակցային գործընթացը, ապա դա անելու համար առարկայական հիմքեր են պետք, իսկ այդ հիմքերն այն սկզբունքներն են, որոնք ենթակա են համաձայնեցման։ «Ես կարող եմ ենթադրել, որ Մադրիդյան սկզբունքներում կլինեն կետեր, որոնք անհնար կլինի համաձայնեցնել երկու շաբաթում։ Ամբողջ հարցը նրանում է, թե կկարողանա՞ արդյոք կողմերի ներկայացրած առաջարկություններից հետո Մինսկի խումբը փոխհամաձայնեցնել դրանք. այս առումով նրան դժվար աշխատանք է սպասվում»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Եզրափակելով՝ Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի հետագա ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է էական առաջընթաց համարել։