Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ցավոտ  չի տարել Կենտրոնի  բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը, անդրադառնալով «Հրապարակ թերթում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը ցավոտ է տարել Կենտրոնի  բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունը:

«Ես ցավում եմ, որ իմ չխոսելը փորձում են վերագրել ինչ-որ ուրիշ բաների: Սովորական աշխատանքային ոճ է եւ պետք չէ խառնվել մեր ներքին հարցերին: Սա աշխատանքային եռուզեռ է ` փոփոխություններ, տեղաշարժեր եւ այլն եւ այլն»,- նշեց Ներսիկ Նազարյանը: Դիտարկմանը, թե  նրա միջնորդությամբ է Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել նախկինում զբաղեցրած պաշտոնին, Նազարյանն ասաց. «Ես Սարգիս Մարտիրոսյանի հետ արդեն 25 տարի է, ինչ աշխատում եմ: Ինչպես եւ մյուս պետերի եւ իմ տեղակալների հետ: Նա շատ լավ մարդ է եւ աշխատող: Ինչ վերաբերում է  միջնորդելուն, ասեմ, որ Սարգիսը միշտ էլ ղեկավար պոստերի է  եղել: Սարգիսը միշտ էլ լավ աշխատող է եղել: Իհարկե, լավ աշխատողների համար մենք բոլորս էլ միջնորդում ենք, նշանակում ենք լավագույններին, լավ աշխատողին : Իսկ նա եղել է լավ աշխատող»:

Ներսիկ Նազարյանը ակնարկեց, որ Սարգիս Մարտիրոսյանը առաջիկայում կաշխատի համապատասխան նոր տեղում: «Նախարարը էլի կնշանակի, նախարարը տեղաշարժեր է անում, որ տարբեր տեղերում աշխատեն: Դա նախարարն է որոշում եւ, որեւէ պրոբլեմ Սարգիս Մարտիրոսյանի հետ կապված չկա: Բացարձակ»,- ավելացրեց Ներսիկ Նազարյանը: