«Ես «Բաղրամյան 26»-ում վաղուց չեմ եղել: Բազմաթիվ տարիներ: Անգամ եթե դա տեղի ունեցած լիներ, դրանում որեւէ ամոթ չկա: Բայց ոչ մի կապ չեմ ունեցել Հայաստանի ոչ մի նախագահի հետ, բացի այն դեպքերից` պատահական, թե տոնական, որտեղ ես տեսել եմ իմ համաքաղաքացի` նախկին կամ ներկա նախագահներին, եւ փոխանակ թիկունք դարձնելու եւ արհեստականորեն հեռանալու, ես մոտեցել եմ եւ բարեւել եմ: Բարեւը հասնում է բոլորին, եւ այդ բարեւից բացի` չի եղել որեւէ քաղաքական հանդիպում, շփում, պայմանավորվածություն որեւէ մի նախագահի հետ»,- «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով դիտարկմանը` երբ Դուք հայտարարեցիք նախագահական ընտրություններում առաջադրման մասին, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ այդ որոշումը կայացվել է «Բաղրամյան 26»-ում հանդիպում ունենալուց հետո:

«Նկատենք, որ ընդհանրապես «Ժառանգությանն» այս տարիների ընթացքում հաճախ են մեղադրել Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մեջ, ինչին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ եւ «Ժառանգության» անկախությունն ու ինքնիշխանությունն են բերում նրան, որ ամենատարբեր դաշտային անկյուններից` իշխանական եւ ընդդիմադիր, մարդիկ որոշում են, որ պետք է թիրախավորված, ինչ-որ մի թթու բան, մի չարաճճի բան ասեն մեր հասցեին: Դա յուրաքանչյուրի իրավունքն է: Մեկ-մեկ մենք արժանի ենք այդ քննադատությանը»:

Նա կարծում է, որ մեր քաղաքական դաշտի որոշ դերակատարների համար անհասկանալի է այն իրականությունը, որ կա մի մարդ, մի ուժ, որը Հայաստանում բիզնես չունի, ոչ մի քաղաքական պարտականություն չունի որեւէ մեկի նկատմամբ: «Այդ ինքնիշխանությունը, որը պետք է դառնա ՀՀ-ինը, արդեն գոյություն ունի մի քաղաքացու եւ մի ուժի մոտ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը»,- գրում է «Առավոտը»: