Երբեւէ Հայաստանն այնքան միջազգային ուշադրության կենտրոնում չի գտնվել, որքան այսօր՝ նախագահական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Երեկ Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության «Արեւլյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, որին բացի հայաստանյան պաշտոնյաներից, մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը։ Նման մակարդակի եվրոպական պաշտոնյաների այցն աննախադեպ է Հայաստանի համար։ Առավել աննախադեպ՝ նախագահական ընտրություններից առաջ։ Եվրոպացի հյուրերի մի մասը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում արդեն հասցրել է «հիացմունք» արտահայտել անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, եւ հույս են հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն նույնքան «բարձր մակարդակով»։ Այսինքն՝ Եվրոպան, ըստ էության, աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ դրանով վերջինիս դնելով, մեղմ ասած, ոչ այնքան հարմար դրության մեջ։ Եվրոպական աջակցությունն իհարկե շատ կարեւոր է, սակայն Հայաստանում, ինչպես հայտնի է, թե իշխանության, թե ընդդիմության համար առաջնային է համարվում ռուսական աջակցությունը։ Իսկ «ռուսական դաբրոն» ուշանում է այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինի այցը, որին Հայաստանում սպասում են դեռ ամռան ամիսներից։ Նախագահական ընտրություններից առաջ այսօր ավելի կարեւոր ընտրության առաջ է կանգնած գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. Քաղաքական եւ հրապարակային պարտավորություններ ստանձնել Եվրոպայի՞ առաջ (որից կշահի եթե ոչ՝ իշխանությունը, ապա՝ պետությունը), թե՞ գործարքի մեջ մտնել ռուսական իշխանությունների  հետ՝ Եվրասիական միությանն անդամակցելու եւ դրանից բխող բոլոր հեռանկարներով»,- գրում է «168 ժամը»։