Գյումրիում «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հնարավոր է` արտագաղթի, գրում է «Ժամանակ» թերթը:
«Այդ մասին Ա. Զաքարյանն ինքը հայտնեց «Ժամանակին», երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով տեղի ունենալիք ընտրությունների մասին:
Ա. Զաքարյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ով է առաջադրվում կամ ընտրվում: Նա ասաց, թե առժամանակ դուրս է եկել քաղաքականությունից, եւ չի բացառվում, որ ընդհանրապես չվերադառնա: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ փաստաթղթեր է նախապատրաստում` Եվրոպական դատարանում իր դատավճիռը բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ Ա. Զաքարյանը 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացների արդյունքում դատապարտված գործիչներից է: Նա կալանավորվել եւ 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով:
- Պարոն Զաքարյան, եթե դուրս եք գալիս քաղաքականությունից, այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու` աշխատանքի՞ եք անցնելու, թե՞ տնտեսական գործունեությամբ եք զբաղվելու:
- Ժամանակը ցույց կտա: Չեմ բացառում ոչ մի տարբերակ:
- Հիասթափվե՞լ եք քաղաքական գործունեությունից:
- Չէի ասի, թե դա հիասթափության հետեւանք է, դա այսօրվա իրականությունն է: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ նոր իրավիճակ ստեղծվի, որի արդյունքում փորձեմ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործունեության մեջ, բայց այս պահին գտնում եմ, որ դա անիմաստ է ինձ համար:
- Ինչո՞ւ:
- Ցանկություն չկա: Իսկ Հայաստանում քաղաքականություն կա՞, որ զբաղվենք: Ես չեմ ոզում այդպես զբաղվել: Եթե Հայաստանում դասական առումով քաղաքականություն լիներ, միգուցե մեծ հաճույքով զբաղվեի:
- Իսկ «Հանրապետություն» կուսակցության դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք համագումարին չե՞ք մասնակցելու:
- Եթե Հայաստանում լինեմ, կմասնակցեմ:
-Հնարավո՞ր է արտագաղթեք:
-Հնարավոր է:
- Իսկ որտե՞ղ եք արտագաղթելու` Եվրոպա, Ամերիկա, թե՞ Ռուսաստան:
- Դեռ չեմ որոշել:
- Հնարավո՞ր է` ընդմիշտ արտագաղթեք:
- Հնարավոր է, չեմ բացառում»,- մեջբերում է «Ժամանակը»։





























