Ամերիկայի հատուկ ծառայությունների տվյալներով Հարավային Կովկասում `Վրաստանում 300 հազար թմրամոլ կա, Հայաստանում 160 հազար, իսկ Ադրբեջանում` 20 հազար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ միայն Ֆրանսիայում գործող օրենքի համաձայն  թմրամոլներին պարտադրում են, որ գնան բուժվելու:

Ահարոն Ադիբեկյանը նաեւ հիշեցրեց մի դեպք, երբ Մոսկվայում բնակվող հայ ընտանիքում  երեխան մեկ տարեկան չդարձած լոմկայից մահացել էր:« Բժիշկները, երբ գալիս են, տեսնում են, որ երեխան լոմկայի մեջ է: Պարզվում է երեխային թմրամիջոց են տվել, որ քնի եւ լաց չլինի: Արդյունքում` երեխան դարձել է թմրամոլ  եւ դեռ 1 տարեկան չդարձած մահացել է»,- պատմեց Ահարոն Ադիբեկյանը: Ի դեպ, ասուլիսի մյուս բանախոսը` նարկոլոգիակա կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերճյանը նշեց, որ ինքը Ահարոն Ադիբեկյանի բերած տվյալների հետ համաձայն չէ, քանի որ իրենց կենտրոնը ունի գրանցված 3893 գրանցված հիվանդ: Որոնցից 32-ը երեւանաբնակ կանայք են: Նրա խոսքով, աշխարհում կա 200 միլիոն թմրամոլ, որոնցից 180 միլիոնը` կանեփ օգտագործողներն են: Իսկ ծանր թմրամիջոցները պատկանում են ափիոնի, կոկայինի, եւ ամֆետամինային խմբի թմրամիջոցներին: Պետրոս Սեմերճյանը նշեց, որ Հայաստանում 2  երկու տարին մեկ անցկացնում է  լայնածավալ հետազոտություններ, թե քանի թմրամոլ կա Հայաստանում:

«Հայաստանը երկու տարին մեկ անցկացնում է այդ վիճակագրությունը: Անցկացված վիճակագրության համաձայն Հայաստանը ունի 12 հազար 700 ներերակային թմրամոլ եւ 21 հազար կանեփ օգտագործող թմրամոլ: Դա անցյալ տարվա վիճակագրությունն է, հաջորդը կանցկացվի 2013թ-ին: Մենք ունենք սարսափելի աճ: Ամեն տարի 50  տոկոսով ավելանում է  թմրամոլների թիվը, իսկ թմրամոլությունը անզուսպ տեմպերով տարածվում է: Տարածվում է  ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում:Միակ երկիրը, որին հաջողվել է կանգնեցնել թմրամոլության աճը, Շվեդիան է:Սակայն ամբողջ աշխարհում ամենաբարենպաստ վիճակում Հայաստանն է»,- մանրամասնեց Պետրոս Սեմերճյանը եւ ավելացրեց, որ դեռահաս գրանցված թմրամոլներ չկան, սակայն երբ նրանց պատմությունը ուսումնասիրվում է, պարզ է դառնում, որ մեծամասնությունը դեռահաս տարիքից է թմրամիջոցներ օգտագործել: Ինչ վերաբերում է թմրամոլների մահացությանը ասաց, որ գերդոզավորումից  տարեկան  մահացության 10-11 դեպք է լինում: «Մյուս մասինը հետազոտված չէ, քանի որ թմրամոլները որպես օրենք ունենում են ծանր սովմածիկ ֆիզիկական առողջություն եւ շատ արագ մահանում են, այլ տիպի հիվանդություններից` թոքաբորբից, ինֆարկ, ինսուլտ եւ այլն: Ինչն անուղակի է կապված թմրամոլության հետ»,- պարզաբանեց Պետրոս Սեմերճյանը: Հարցին, թե թմրամոլները կյանքի ի՞նչ միջին տեւողություն ունեն ասաց, որ միջինը 50 տարեկանն է: Դիտարկմանը, թե թմրամիջոց օգտագործելուց հետո քանի տարի են ապրում ասաց.«Մենք այդ ժամանակ պետք է հաշվի առնենք, թե ինչ թմրամիջոցի մասին ենք խոսում: Դրանք 12 խմբի են բաժանված եւ ունեն մոտ 50 թմրամիջոց»:

Պետրոս Սեմերճյանը նաեւ նշեց, որ թմրամիջոցները բերում են սարսափելի եկամուտներ: Հետեւաբար` դա է պատճառներից մեկը, որ դրա դեմ պայքարը չի հաջողվում: Իսկ որպես օրինակ նշեց, որ դեռ 6 տարի առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը իր զեկույցում հայտարարեց, որ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պարտված է եւ պետք է հայթայթել այլ ուղիներ:«Այդ ժամանակ ծնվեց վնասի նվազեցման գաղափարը: Հայաստանում թմրամոլության դեմ պայքարում կա նախագահի կարգադրություն եւ բոլոր գերատեսչությունները, ովքեր  ուղակի, թե անուղակի կապված են այդ խնդրի հետ բոլորը զբաղվում են դրանով:Այն 3 մասից է բաղկացած` դա թմրամիջոցների պահանջարկի նվազեցումն է, առաջարկի նվազեցումը եւ թմրամիջոցներից առաջացած վնասների նվազեցումը»: