Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ եւ անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում եւ առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաեւ դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաեւ արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մշակույթի տների եւ գրադարաններ ջեռուցման խնդիրը»,-նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետեւողական աշխատանքի շնորհիվ  դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների եւ սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առեւտրի կանխարգելման միջոցառումներին` քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոներին ընդառաջ կանոնակարգել եւ հսկողություն սահմանել բացօթյա ապօրինի առեւտրուրը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաեւ առաջարկություն ներկայացնել Կենտրոն վարչական շրջանում գյուղմթերքի տոնավաճառի կազմակերպման վերաբերյալ:

«Մինչեւ ամանոր մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տանք շահավետ եւ մատչելի գնումներ կատարելու: Վարչական բոլոր շրջանների կողմից կարող են ներկայացվել առաջարկներ այլ վայրերում եւս գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շարունակվում է մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների եւ բակային տարածքների մաքրումը աշնանային տերեւաթափից` այդ աշխատանքներում ներգրավելով նաեւ վարձակալներին: Հաշվի առնելով ավագանու տնտեսվարող սուբյեկտների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու մասին որոշումը` հանձնարարվել է հետեւողական լինել եւ պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վերանայել վերջինների հետ կնքված պայմանագրերը:

Հասարակական տրանսպորտի  կանգառասրահների մուտքերի ու հարող հատվածների ասֆալտապատման եւ սալիկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար գույքագրվում են կանգառասրահներում եւ հարակից տարածքներում առկա թերությունները, միաժամանակ տարվում վերանորոգման աշխատանքներ` ակտիվորեն ներգրավելով կանգառասրահները վարձակալական հիմունքներով շահագործող ընկերություններին:

Վարչական շրջաններում վերելակային տնտեսության ոլորտում 2012թ. կատարած աշխատանքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված թերությունների հետ կապված` կապալառուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել դրանք:

Համապատասխան նեդրողների հետ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա հետիոտն անցումների կառուցման նախագծի վերաբերյալ Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում վերգետնյա անցումների բաշխումը կլինի ապակենտրոնացված եւ ցանկում կներառվեն նաեւ մյուս վարչական շրջանների համապատասխան տարածքները:

Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի 144 կամարանցումների գեղարվեստական ձեւավորման եւ նկարազարդման աշխատանքները:

Վերահսկողության վարչության պետը ներկայացրել է վարչական շրջանների եւ քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքի ու  բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոնի» տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2  ավտոբուսային եւ 1 տրոլեյբուսային երթուղիների  շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Ավարտվել են ամանորյա տոնական ձեւավորման եւ լուսավորության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Ընթացքի մեջ է նաեւ մայր տոնածառի եւ վարչական շրջանների կենտրոնական տոնածառերի տեղադրումը: Ամբողջացվել է տոնական մշակութային ծրագիրը: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես վարչական շրջանների հրապարակներում, այնպես էլ բակային տարածքներում: